Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը խորհրդարան է ներկայացրել «Դրամաշնորհների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, որը թույլ կտա կառավարությանը խստացնել վերահսկողությունը արտասահմանից Վրաստան կատարվող ֆինանսական փոխանցումների նկատմամբ։
Օրինագծով սահմանվում է, որ իրավաբանական անձը կկարողանա դրամաշնորհ ստանալ միայն Վրաստանի կառավարության նախնական համաձայնությունից հետո։
Ինչպես լրագրողներին ասել է խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Իրակլի Կիրցխալիան, արտաքին լոբբինգը, որը խախտում է իրավական պահանջները, կպատժվի, այդ թվում՝ քրեական հետապնդման միջոցով։
«Մեզ բացահայտորեն ասում են, որ փնտրում են Վրաստանում գործակալներին ֆինանսավորելու ցանկացած միջոց։ Այս պայմաններում ցանկացած ինքնահարգանք ունեցող պետություն պարտավոր է ստեղծել օրենսդրական շրջանակ, որը կպաշտպանի քաղաքացիներին բացահայտ սպառնալիքներից», – ասել է Կիրցխալիան։























