Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ողջունել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունն այն մասին, որ Ռուսաստանը խոստացել է յոթ օր չհարձակվել Կիևի և «տարբեր» ուկրաինական քաղաքների վրա, որտեղ ձմեռային սառնամանիքի պատճառով ուկրաինացիներն ունեն ջեռուցման խնդիրներ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նա գրառում է կատարել X-ի իր էջում։
Զելենսկին ընդգծել է, որ էլեկտրամատակարարումը կենսական նշանակություն ունի։ «Մենք բարձր ենք գնահատում մեր գործընկերների ջանքերը՝ օգնելու մեզ փրկել կյանքեր։ Շնորհակալ եմ, նախագահ Թրամփ։ Մեր թիմերը քննարկել են այս հարցը Միացյալ Արաբական Էմիրություններում։ Մենք ակնկալում ենք, որ համաձայնությունները կյանքի կկոչվեն։ Լարվածության թուլացման քայլերը նպաստում են իրական առաջընթացին, որը կհանգեցնի պատերազմի ավարտին»,- գրել է նա X-ում։
Թրամփը ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայնել է իր խնդրանքին՝ մեկ շաբաթ չկրակել Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի վրա՝ խիստ ցածր ջերմաստիճանի պատճառով։ «Ես անձամբ խնդրել եմ նախագահ Պուտինին մեկ շաբաթ չկրակել Կիևի և տարբեր քաղաքների վրա, և նա համաձայնել է դա անել», – ասել է Թրամփը։
Հայտարարությունները հնչել են այն բանից հետո, երբ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հինգշաբթի օրը Telegram-ում հայտարարել էր, որ քաղաքում 454 բնակելի շենք մնում է առանց ջեռուցման վերջին շաբաթներին էլեկտրաէներգիայի և ջեռուցման ենթակառուցվածքների դեմ ռուսական ռմբակոծություններից հետո։
Այս շաբաթ Ուկրաինայի մայրաքաղաքում գիշերը կանխատեսվում է ջերմաստիճանի անկում մինչև -23 աստիճան։
Ռուսաստանն ու Ուկրաինան հունվարի 29-ին նաև փոխանակել են պատերազմում զոհված զինվորների մարմինները։





























