ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Բարբարա Բաումանին:
Նախարար Հովհաննիսյանը շնորհավորել է նորանշանակ դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և ընդգծել Հայաստան-Շվեյցարիա երկկողմ հարաբերությունների զարգացման մեծ ներուժը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցության օրակարգային հարցերը՝ անդրադառնալով մասնակցային բյուջետավորման գործընթացի ընդլայնմանը, ինչպես նաև զարգացման նոր ծրագրերը ՀՀ Կառավարության առաջնահերթություններին համապատասխանեցնելու անհրաժեշտությանը:
Շվեյցարիայի դեսպանն իր հերթին ընդգծել է բարձր մակարդակի փոխայցելությունների և քաղաքական խորհրդակցությունների շարունակականությունը՝ միաժամանակ կարևորելով Հայաստանի դերը՝ որպես 2026 թվականի մայիսին կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը և հոկտեմբերին նախատեսված Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17) հյուրընկալող երկիր։ Այս համատեքստում շվեյցարական կողմը վերահաստատել է իր հանձնառությունը՝ շարունակելու և ընդլայնելու համագործակցությունը 2026-2029 թվականների տարածաշրջանային համագործակցության նոր շրջանակի ներքո։
Նախարար Հովհաննիսյանը ներկայացրել է նաև Հայաստանի մակրոտնտեսական իրավիճակը, հարկաբյուջետային քաղաքականության հիմնական ուղղությունները, ոլորտում արձանագրված վերջին զարգացումները և առաջիկա կանխատեսումները։
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունն՝ ընդգծելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով երկկողմ գործընկերության հետագա ընդլայնման հնարավորությունները։























