Երկու ղարաբաղցիների չկռվելու կանոնը. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թեև նոր կառավարության վերջնական կազմը դեռ հայտնի չէ, այդուամենայնիվ արդեն իսկ պարզ է, որ  գործադիրում  շատ են Ռոբերտ Քոչարյանի կադրերը: Չնայած  նրանք անցած տարիներին բավականին հլու-հնազանդ ծառայել են նաև Սերժ Սարգսյանին, այդուհանդերձ, թե՛ ՀՀԿ թիմի ներսում, թե՛ հանրության մոտ   ասոցացվում են առավելապես նախկին նախագահի կառավարման շրջանի հետ:

Քաղաքական բաղադրիչից զատ` սա ունի նաև շատ կոնկրետ քարոզչական նշանակություն` հատկապես, եթե հիշում ենք նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի և  Ռոբերտ Քոչարյանի միջև ծավալված  հեռակա բանավեճը` երկրի տնտեսական քաղաքականության շուրջ: Եվ հիմա` Տ. Սարգսյանին  պաշտոնանկ անելով և նշանակելով քոչարյանական կադրերին՝  վերջինիս  տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ,  Ս. Սարգսյանը, փաստորեն, հրապարակավ խոստովանեց, որ Ռ. Քոչարյանը տարեսկզբի իր քննադատական գնահատականներում միանգամայն իրավացի էր:

Սակայն ինչը ստիպեց, որ Ս. Սարգսյանը գնար նման քայլի: Այստեղ կարող է լինել երեք տարբերակ:

1. Ս. Սարգսյանը դա արեց ռուսական կողմի  ճնշման տակ: Այս տարբերակի դեպքում` հավանական է համարվում,  որ ռուսական հանձնակատարի դերում հանդես է գալիս Ռոբերտ Քոչարյանը, որն էլ հրահանգել է ԲՀԿ-ին  չմտնել կոալիցիա` ասելով` առանց այդ էլ ամեն բան արվելու է այնպես, ինչպես մենք ենք ուզում: Իսկ ԲՀԿ-ին  վերապահվել է  ընդդիմադիր դաշտին «տիրություն անելու» գործառույթը,  որպեսզի այդտեղ անկանխատեսելի խմորումներ չսկսվեն:

2. Գործում է «երկու ղարաբաղցիների չկռվելու»  կանոնը, որի  մասին, ի դեպ, 2013թ. նախագահական ընտրություններից առաջ հայտարարեց  Ռ. Քոչարյանը: Ըստ այդմ` Քոչարյան-Սարգսյան զույգն իր բոլոր քայլերն իրականացնում է  փոխհամաձայնեցված:  Եվ  նոր վարչապետին ՀՀԿ-ին ներկայացնելիս Ս. Սարգսյանի ակնարկը` չարախնդալու մասով, ինչպես նաև դրան ի պատասխան`   Քոչարյանի վերջին հարցազրույցում    Սարգսյանին ուղղված կշտամբանքը զուտ իմիտատիվ բնույթ են կրում: ՀՀԿ-ի սիրած բառապաշարով ասած` «պասերով աշխատելու» ղարաբաղյան այս  ավանդական գործելաոճով`  Սարգսյանն ու Քոչարյանը պատրաստվում են անխոչընդոտ կերպով 2018-ին դարձյալ փոխվել տեղերով: Ընդ որում` ՍԴ փոփոխությունները դրան որևէ կերպ չեն խանգարում:

3. Նշանակելով քոչարյանական կադրերին` Սերժ Սարգսյանը միտումնավոր է փորձում շատերի  մոտ տպավորություն ստեղծել, թե ինքը Ռ. Քոչարյանի հետ որևէ խնդիր չունի` հարկ եղած դեպքում  դա օգտագործելով ՀՅԴ-ի և հատկապես ԲՀԿ-ի հետ իր ծրագրերում:

Թե այս տարբերակներից որն է առավել հավանական, դժվար է միանշանակ ասել: Բայց այն, որ  մեր  երկրում այդպես էլ նոր առաջնորդներ, նոր նախարարներ և նոր քաղաքական գործիչներ չեն ծնվում, մեղմ ասած, մտահոգիչ է:




Լրահոս