Օրերս Երևանում անցավ AI կրթության ու տրանսֆորմացիայի ոլորտում գործող «ռեԱրմենիա» ակադեմիայի առաջին համայնքային միջոցառումը՝ միավորելով ավելի քան 300 մասնակիցների Հայաստանի կրթական, տեխնոլոգիական և բիզնես ոլորտներից։ Խորհրդանշական է, որ հանդիպումը հյուրընկալվեց Թումոյում՝ կարողությունների զարգացման և տեխնոլոգիական կրթության առաջատար արտահանողի երևանյան կենտրոնում, և մեկնարկեց Թումոյի զարգացման տնօրեն Բեկոր Փափազյանի ելույթով։
«ռեԱրմենիա» ակադեմիան տրանսֆորմացնող և զորացնող էկոհամակարգ է, որտեղ մարդիկ բացահայտում, զարգացնում և իրացնում են իրենց ներուժը՝ արագ փոփոխվող աշխարհում արդյունավետ և ներդաշնակ կյանք ապրելու համար։
Ակադեմիան հայտարարել է նաև ներդրումային առաջին շրջափուլի հաջող ավարտի մասին։ Ընկերությունը 670,000 ԱՄՆ դոլար է ներգրավել տեղական ու միջազգային մեկ տասնյակից ավելի ներդրողներից՝ ընկերության 10 միլիոն ԱՄՆ դոլար ընդհանուր գնահատմամբ։ Սա աննախադեպ ցուցանիշ է 2025թ. նոյեմբերին Հայաստանում հիմնադրված և գաղափարի փուլում գտնվող ստարտափի համար: Ներդրումային փուլի ավարտից հետո ստարտափի հիմնական բաժնետերը (90%+) շարունակում է մնալ «ռեԱրմենիա» բարեգործական հիմնադրամը։
«Մեզ վստահված ներդրումը վկայում է այն մասին, որ Հայաստանը սկսում է աշխարհում ընկալվել որպես AI տրանսֆորմացիայի և կրթության ոլորտում արագ զարգացող հուսալի հարթակ», – նշում է «ռեԱրմենիա» հիմնադրամի տնօրեն Գևորգ Պողոսյանը:
Առաջին ներդրումային շրջափուլի ավարտին զուգահեռ «ռեԱրմենիա» ակադեմիան նաև դուրս է գալիս միջազգային շուկա՝ Հնդկաստանում մեկնարկելով ռազմավարական համագործակցություն։ Գևորգ Պողոսյանի խոսքով, արտաքին շուկաներ դուրս գալով՝ ընկերությունն ամրապնդում է Հայաստանի դիրքերը` որպես կրթություն և անհատների ու կազմակերպությունների տրանսֆորմացիային ուղղված տեխնոլոգիաներ արտահանող երկիր։
«Ինչպես Հայաստանում ասում ենք, որ մաքսիմում 5 տարում մինիմում 1 մլն մարդ պետք է դառնա AI գրագետ, նույն կերպ Հնդկաստանում՝ #ai4abillion, այսինքն 1 մլրդ հնդիկ կրթելու գործընթաց են սկսել»,- պատմում է Գևորգ Պողոսյանը։
«ռեԱրմենիա» ակադեմիայի AI խորհրդատու Անահիտ Վարդանյանը նշում է, որ ընկերությունն իր գործունեությունը սկսել է AI կրթությունից, բայց շատ արագ հասկացել է, որ պետք է մեկ քայլ առաջ գնալ և զբաղվել նաև AI տրանսֆորմացիայով: «Շատ հաճախ հենց այդ պահանջը կար տարբեր ընկերություններից, մասնավորապես Հայաստանի մեծագույն հարկատու ընկերություններից: Ու հասկացանք, որ բացի բուն կրթական պրոցեսը, մենք պետք է նաև տարբեր ծառայություններով փորձենք իրենց պրոցեսները ավտոմատացնել, զինել այն կարևորագույն գիտելիքներով, նույնիսկ AI ագենտներով, որպեսզի նրանք կարողանան ավելի արդյունավետ առաջընթաց ունենալ AI հնարավորությունների ֆոնին»,- նշում է Անահիտ Վարդանյանը։
«ռեԱրմենիա» ակադեմիան ներկայում գործում է 3 հիմնական ուղղություններով՝ AI գրագիտության և մասնագիտական հմտությունների ծրագրեր, ներառյալ 21-րդ դարի հմտություններ և շարունակական կրթություն, AI Agentic Education (AI ագենտների կիրառմամբ կրթություն) հարթակներ, ինչպես նաև AI տրանսֆորմացիայի խորհրդատվություն և AI ավտոմատացումներ կազմակերպությունների համար։
2025 թվականի ընթացքում ակադեմիան AI կրթություն է տրամադրել ավելի քան 9,000 անձանց Հայաստանից և Սփյուռքից: Այն նաև համագործակցում է Հայաստանի տարբեր ոլորտների առաջատար կազմակերպությունների և համալսարանների հետ՝ AI կրթությունն ու տրանսֆորմացիան խթանելու նպատակով։
Խոսելով հիմնադրամի առաքելությունների և նախագծերի վերաբերյալ «ռեԱրմենիա» ակադեմիայի գործադիր տնօրեն Ռեբեկա Հակոբյանը նշում է․
«Ակադեմիայում մեր ուշադրությունը սևեռում ենք մարդակենտրոն AI-ի վրա, որը բազմապատկում է ստեղծարարությունը, ուսուցումն ու զարգացումը հանրության բոլոր շերտերում։ Մենք կառուցում ենք մի էկոհամակարգ, որտեղ անհատներն ու կազմակերպությունները շարունակաբար զարգանում են AI-ի գրագետ և արդյունավետ կիրառմամբ։ Մեր AI կրթական ծրագրերի և AI ագենտներով կրթական հարթակի միջոցով կրթվողները ստանում են անհատականացված կրթակարգերով նորարարական ուսուցում։ Իսկ հաստատությունները անցնում են պարզ ավտոմատացումից դեպի բովանդակային AI տրանսֆորմացիա, որը բազմապատկում է նրանց ներուժը և ապահովում թռիչքային աճ»,- ասում է «ռեԱրմենիա» ակադեմիայի գործադիր տնօրեն Ռեբեկա Հակոբյանը։
Էննա Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում․

























































































