Armenian text to speach

Ներշնչող այց․ հույսի ուղերձ Հայաստանի երեխաներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Փետրվար ամսին պաշտոնական այցով Հայաստան է ժամանելու Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահը՝ աշխարհի ամենահզոր երկրի երկրորդ պաշտոնյան։

Անկախ նրանից՝ որևէ մեկը հիանում է կամ քննադատում է ամերիկյան քաղաքականությունը, անկախ նրանից՝ իրեն մոտ է Դեմոկրատական կամ Հանրապետական կուսակցության փիլիսոփայությունը , այս պետական ծառայողի կյանքի պատմությանը ծանոթ յուրաքանչյուր ոք չի կարող չզգալ հարգանք և հիացմունք։

Մեր երկրում, որտեղ աղքատությունը շարունակում է ազդել չափազանց շատ մարդկանց կյանքի վրա, և որտեղ երբեմն ապագան թվում է անորոշ կամ նույնիսկ փակուղային, նման այցը ունի շատ ավելի խոր նշանակություն, քան պարզապես դիվանագիտական իրադարձությունը։

Այդ պատճառով փոխնախագահի այցը պետք է դիտարկել ոչ միայն որպես պաշտոնական միջոցառում, այլ որպես հզոր ներշնչանքի աղբյուր՝ հիշեցում այն մասին, որ կյանքի հանգամանքները չեն որոշում մարդու ճակատագիրը։ Նա օրինակ է յուրաքանչյուր երեխայի և երիտասարդի համար՝ անկախ ռասայից, ծագումից կամ սոցիալական միջավայրից։ Այս նամակը, հետևաբար, ուղղված է ձեզ՝ իմ Օրրան երեխաներ և Հայաստանի բոլոր երեխաներ։

Շատերդ այսօր, ինչպես նա իր ժամանակին, բախվում եք ծանր փորձությունների․ Արցախից տեղահանված երեխաներ, որոնք կորցրել են իրենց տները, ինչպես նաև Երևանից և այլ մարզերից երեխաներ, որոնք իրենց ընտանիքներում ապրում են տարբեր դժվարություններ և անորոշություն։

Շուտով Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահը կքայլի հայկական հողի վրա։ Նրա կյանքի պատմությունը տոկունության, դիմադրողականության և այն անսասան հավատքի վառ օրինակ է, որ երազանքներին արժե հետևել— նույնիսկ այն ժամանակ, երբ բոլոր հանգամանքները քո դեմ են։ Ծնված լինելով աղքատ «հիլբիլի» ընտանիքում՝ նա ունեցել է դժվարություններով և անկայունությամբ լի մանկություն։ Նրա մայրը պայքարում էր թմրամոլության դեմ, դեռ դպրոցական տարիքում դարձել էր մայր և հետագայում կորցրել էր բուժքրոջ աշխատանքը իր հիվանդության պատճառով։ Հայրը նրա կյանքում հիմնականում բացակա էր։

Նրա տատիկը՝ սիրով կոչված Մեմոն ծեր էր և աղքատ, սակայն անչափ ուժեղ հոգով։ Սովը, անորոշությունը և տնից տուն մշտական տեղափոխվելը նրա առօրյայի անբաժանելի մասն էին կազմում ։ Իր ինքնակենսագրական գրքում և դրա հիման վրա նկարահանված Hillbilly Elegy ֆիլմում մենք տեսնում ենք մի թմբլիկ պատանի տղայի, որին դպրոցում ծաղրում էին, որը ենթարկվում էր ֆիզիկական բռնության սեփական մոր կողմից և հաճախ մնում էր ինքնուրույն՝ ստիպված հոգալու իր մասին։ Սակայն այդ պատմության մեջ մենք չենք տեսնում հուսահատություն կամ չարություն։ Ինչպես շատ դժվարություններ ապրող դեռահասներ, նա նույնպես սխալներ է գործել։

Մի անգամ նա գողացել է հաշվիչ, քանի որ ձախողվում էր հանրահաշվում, իսկ տատիկը միջոցներ չուներ այն գնելու։ Երբ նրան բռնեցին, Մեմոն պատժի փոխարեն ընտրեց կարեկցանքը և գնեց այդ հաշվիչը։ Մեկ այլ անգամ նա ընկերների հետ վերցրել էր տատիկի մեքենան և վթարի ենթարկել այն։ Նա նաև ընկերների հետ վնասել էր մի փոքր խանութ, քանի որ նրանցից մեկը զայրացած էր վաճառողից։ Սակայն այս դրվագները չորոշեցին նրա ապագան։

Նրա ապագան ձևավորվեց տոկունությամբ։ Նրան կերտեց սերը՝ անկատար, բայց անպայմանական, որը նա ստացավ իր քրոջից, տատիկից և հետագայում՝ իր կնոջից՝ Ուշայից, ում հետ ծանոթացել էր, երբ երկուսն էլ իրավաբանական ֆակուլտետի ուսանողներ էին։

Նրանց աջակցության և սեփական կամքի ուժի շնորհիվ նա հաղթահարեց աղքատությունը, ընդունվեց Ամերիկայի լավագույն համալսարաններից մեկը, կառուցեց հաջողակ իրավաբանական կարիերա և ի վերջո դարձավ Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ։ Շուտով Վենսերի ընտանիքը կդիմավորի իրենց չորրորդ երեխայի ծնունդը։ Մաղթում ենք ընտանիքին առողջություն, ուրախություն և երջանկություն։ Սիրելի՛ Հայաստանի երեխաներ, սիրելի՛ Օրրան երեխաներ, թող այս պատմությունը ձեզ հիշեցնի, որ ձեր սկիզբը չի սահմանում ձեր վերջնակետը։ Դժվարությունը դատավճիռ չէ։ Աղքատությունը կյանքի ցմահ վճիռ չէ։ Ա

շխատասիրությամբ, կրթությամբ և սիրով անգամ ամենադժվար ճանապարհները կարող են տանել դեպի բացառիկ բարձունքներ։ Թող այս այցը հիշեցնի մեզ բոլորիս՝ հատկապես մեր երեխաներին, որ հույսը իրական է, երազանքները՝ արժանի, և ապագան դեռ գրվում է։

Օրրանի հիմնադիր Արմինե Հովհաննիսյան




Լրահոս