Բելգիայի իշխանությունները ազգային բանտային համակարգում գերբնակեցման պայմաններում քննարկում են Էստոնիայում, ինչպես նաև Ալբանիայում և Կոսովոյում բանտային տարածք վարձակալելու հարցը, գրում է Soir պարբերականը։
Ըստ պարբերականի՝ արդարադատության նախարար Աննելի Վերլինդենը մտադիր է այս շաբաթ այցելել Էստոնիա՝ բանտային ենթակառուցվածքների հնարավոր վարձակալության պայմաններն ուսումնասիրելու համար։ Նմանատիպ այցելություններ ավելի վաղ տեղի են ունեցել Ալբանիայում և Կոսովոյում։ Արտասահմանյան բանտերում տարածքներ վարձակալելը դիտարկվում է որպես Բելգիայի ուղղիչ հիմնարկներում գերբնակեցման խնդրի լուծման միջոցներից մեկը։
Վերլինդենը նշել է, որ Բելգիայում օրինական բնակության կարգավիճակ չունեցող դատապարտված անձինք, ըստ ամենայնի, իրենց պատիժը կկրեն կամ իրենց ծագման երկրներում, կամ արտասահմանյան բանտերում։ Նա նշել է, որ դա կապահովի դատավճիռների կատարումը և կբարելավի Բելգիայի բանտային համակարգի արդյունավետությունը։
Բելգիայի արդարադատության նախարարությունը Կոսովոն, Ալբանիան և Էստոնիան համարում է զարգացած իրավական համակարգեր ունեցող երկրներ և կարծում է, որ բանտարկյալներին այնտեղ տեղափոխելը չի խախտի նրանց մարդու իրավունքները։
Նախարարությունն ավելի վաղ հայտնել էր, որ 2025 թվականին Բելգիայի բանտերում պահվում էր մոտ 13 հազար 500 կալանավոր՝ մոտ 11 հազար բանտարկյալների ընդհանուր տարողունակության պայմաններում։ Կալանավորների մոտ 40%-ն օտարերկրացիներ են, սակայն այդ կատեգորիան չի ներառում Բելգիայի քաղաքացիություն կամ երկարաժամկետ բնակության թույլտվություն ստացած ներգաղթյալներին։























