ArmLur.am-ը հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանից տեղեկացավ, որ նա այսօր դիմում է ներկայացրել ՀՀ Ազգային ժողով՝ ուղղված ԱԺ երեք խմբակցություններին՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Հայաստան» և «Պատիվ ունեմ», առաջարկելով ստեղծել պատգամավորական էթիկայի հարցով ժամանակավոր հանձնաժողով՝ ԱԺ պատգամավոր Արթուր Հովհաննիսյան-ի վարքագծի առնչությամբ։
Առիթը ԱԺ ՄԻՊ հանձնաժողովի հայտնի նիստn է, որի ընթացքում Արթուր Հովհաննիսյանը սպառնաց կտրել Էդգար Ղազարյանի լեզուն և ականջները:
Մինչդեռ պատգամավորի գործունեության և երաշխիքների մասին ՀՀ օրենքում գրված է, որ պատգամավորը պարտավոր է «հարգալից վերաբերմունք ցուցաբերել քաղաքական ընդդիմախոսների, Ազգային ժողովում հարցերի քննարկման մասնակիցների, լրագրողների, ինչպես նաեւ բոլոր այն անձանց նկատմամբ, որոնց հետ պատգամավորը շփվում է իր լիազորություններն իրականացնելիս»:
• Դիմումում հիշատակվում է 2023 թ. ապրիլի 4-ի՝ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը, որի ընթացքում հնչել են վիրավորական արտահայտություններ։
• Դիմողի ներկայացմամբ՝ ինքը 2023 թ. մայիսի 2-ին հայց է ներկայացրել դատարան
• 2025 թ. փետրվարի 27-ի վճռով դատարանը մասամբ բավարարել է հայցը՝ պարտավորեցնելով ներողություն խնդրել հրապարակային տեքստով և այն հրապարակել՝ YouTube-ում սկզբնապես տարածած էջերով (նշվում են նաև 1in TV-ի և ԱԺ պաշտոնական էջերը)։
• Նույն վճռով սահմանվել է 1,000,000 դրամ ոչ նյութական վնասի հատուցում, ինչպես նաև 200,000 դրամ փաստաբանի վարձատրություն և 50,000 դրամ պետական տուրք։
• 2025 թ. հոկտեմբերի 24-ին վերաքննիչ դատարանը թողել է վճիռն անփոփոխ։
• Դիմումում նշվում է, որ 2025 թ. դեկտեմբերի 18-ին փոխանցվել է 1,250,000 դրամ՝ ԱԿԲԱ ԲԱՆԿ-ում դիմողին պատկանող հաշվեհամարին, սակայն ներողության հրապարակման պահանջը չի կատարվել։
• Ըստ ներկայացված տվյալների՝ 2026 թ. հունվարի 19-ին հարուցվել է կատարողական վարույթ, սահմանվել է 7-օրյա ժամկետ (մինչև 2026 թ. հունվարի 26-ը), որը, ըստ դիմողի, նույնպես չի կատարվել։
ArmLur.am-ը տեղեկացավ, որ Էդգար Ղազարյանն իր դիմումով առաջարկում է ԱԺ կանոնակարգով նախատեսված ընթացակարգով ստեղծել ժամանակավոր հանձնաժողով՝ պատգամավորական էթիկայի հարցով։ Հանձնաժողովը պետք է քննի թմրանյութի գործով անցած Արթուր Հովհաննիսյանի վարքը, դատավճռի չկատարումը, քանի որ նա ցուցաբերել է պատգամավորին ոչ հարիր վարքագիծ:
Սոնա Գրիգորյան






























