Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոնում շտապօգնության բրիգադի կողմից տեղափոխված երկու անձ չեն հոսպիտալացվել։ Շտապօգնության բրիգադը պնդել է, որ հիվանդները պետք է հոսպիտալացվեն, սակայն բժշկական կենտրոնի աշխատակիցները տեղում՝ շտապօգնության մեքենայի մեջ զննելուց հետո, եզրակացրել են, որ հոսպիտալացման ցուցում չկա։ Դեպքը արձանագրվել է Shamshyan․com-ը։
«Առողջության իրավունք» ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանը ArmLur.am-ի հետ զրույցում նշել է, որ շտապօգնության կողմից հիվանդանոց տեղափոխումն արդեն իսկ ենթադրում է բուժօգնության պարտադիր շարունակություն։
Նրա խոսքով՝ ալկոհոլ օգտագործած լինելու հանգամանքը չի կարող ինքնին ծառայել բուժօգնությունից հրաժարվելու հիմք, հատկապես այն դեպքում, երբ բժշկական կենտրոնն ունի տոքսիկոլոգիայի և վերակենդանացման գործող բաժանմունքներ։
«Ալկոհոլիզմը ևս հիվանդություն է, և հնարավոր էր հիվանդներին ուղղորդել Կախվածությունների կենտրոն՝ մարդկանց այդ վիճակից դուրս բերելու համար»,-նշել է նա։
ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ Առողջապահության նախարարությունը նախարարի խոսնակի միջոցով հանդես է եկել պաշտոնական պարզաբանմամբ։ Ըստ խոսնակի՝ «բուժանձնակազմին լավ ծանոթ այս տղամարդիկ մեկ անգամ չէ, որ ալկոհոլային ազդեցությունից դուրս գալու համար այս բուժկենտրոնում բուժօգնություն են ստացել»։ Նախարարի խոսնակ Մարիամ Ծատրյանի փոխանցմամբ՝ տվյալ անձինք չեն ունեցել հոսպիտալացման բժշկական ցուցում, գտնվել են միայն ալկոհոլի ազդեցության տակ, իսկ ինտոկսիկացիոն վիճակ չի արձանագրվել։
Միևնույն ժամանակ կարևոր է ընդգծել, որ բժիշկները հիվանդներին զննել են շտապօգնության մեքենայում, չեն իջեցրել ընդունարան և չեն հոսպիտալացրել։
Սա նշանակում է, որ ալկոհոլ օգտագործած անձը Հայաստանում փաստացի կարող է զրկվել շտապ բժշկական օգնությունից։ Նման մոտեցումը վտանգավոր նախադեպ է և կարող է խախտել առողջության պահպանման և բժշկական օգնության հասանելիության հիմնարար իրավունքը Հայաստանում։
Այս համատեքստում առաջանում են մի շարք հարցեր․
-
Արդյո՞ք բուժհաստատությունն իրավունք ունի հրաժարվել բուժօգնության տրամադրումից, երբ հիվանդը տեղափոխվում է հիվանդանոց ոչ թե «խորհրդատվության», այլ բուժման նպատակով։
-
Ալկոհոլի ազդեցության տակ գտնվող անձը կարող է ունենալ թաքնված, արագ զարգացող կամ սխալ գնահատվող վիճակներ, և հենց այդ պատճառով շտապօգնության որոշումը պետք է դիտարկվի առավել զգուշությամբ։
-
Մարդու իրավունքների տեսանկյունից հարց է առաջանում՝ արդյո՞ք ալկոհոլ օգտագործած անձը չի հայտնվում փաստացի խտրական վիճակում՝ զրկվելով բուժօգնության լիարժեք հասանելիությունից։
Սա արդեն ոչ միայն առողջապահական, այլև մարդու իրավունքների խնդիր է, որը պահանջում է անկախ գնահատական, այդ թվում՝ Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ։
ArmLur.am-ը գրավոր հրատապ հարցում է ուղարկել այս առիթով ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին, սակայն դեռ պատասխան չի ստացել։
Մինչ այդ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանրային դաշտում առավել ակտիվ է այլ թեմաներով, սակայն այս հարցի վերաբերյալ արձագանք դեռ չկա։
Փաստն այն է, որ ալկոհոլ օգտագործած անձինք Հայաստանում փաստացի կարող են զրկվել բուժօգնությունից։ Ի դեպ, սա միակ դեպքը չէ․ ArmLur.am-ը ստացել է նաև այլ ահազանգեր տարբեր բուժհաստատությունների վերաբերյալ, որոնց մասին՝ հաջորդ հրապարակումներում։






























