Armenian text to speach

ՖՈՏՈ․ Հայաստանի պատմության թանգարանը համագործակցություն է հաստատել Բեռլինի «Թանգարանային կղզու» հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հայաստանի պատմության թանգարանի և Բեռլինի «Թանգարանային կղզու» Նախապատմության և վաղ պատմության թանգարանի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Հայաստանի պատմության թանգարանի մամուլի ծառայությունից։

Նշվում է, որ համագործակցության հուշագիրը ստորագրվել է Հայաստանի պատմության թանգարանի պատվիրակության հունվարի 26-28-ը Բեռլին կատարած աշխատանքային այցի շրջանակներում։

«Նոյես թանգարանում» Հայաստանի պատմության թանգարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Պողոսյանը և բեռլինյան Նախապատմության և վաղ պատմության թանգարանի տնօրեն Մաթիաս Վեմհոֆի կողմից հուշագրի ստորագրման արարողությանը ներկա են գտնվել նաև Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ենգիբարյանը, Պրուսիայի ժառանգության հիմնադրամի ներկայացուցիչներ և այլ գործընկերներ:

Հուշագրի շրջանակում առաջին անգամ հատուկ ձևաչափով Հայաստանի պատմության թանգարանը կհյուրընկալի Բեռլինի «Թանգարանային կղզու» մի շարք թանգարաններից ընտրված  բացառիկ մի հավաքածու, որում ներառված ցուցանմուշներից որոշները կցուցադրվեն առաջին անգամ՝ համադրվելով Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուի հետ։ Համատեղ ցուցադրության բացումը նախատեսվում է այս տարվա սեպտեմբերի 21-ին։

Ըստ հաղորդագրության՝ հիմնադրման 200-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում Բեռլինի «Թանգարանային կղզին» առաջին անգամ է նման ծավալով հանդես գալու արտերկրյա որևէ թանգարանում։

Համագործակցության հաջորդ կարևոր փուլը կլինի 2027 թվականին Բեռլինում կայանալիք փոխադարձ ցուցադրությունը, որի շրջանակում  «Թանգարանային կղզում» առաջին անգամ կցուցադրվեն Հայաստանի պատմության թանգարանի գանձերը։

Միաժամանակ, համագործակցության շրջանակում նախատեսվում է Հայաստանի պատմության թանգարանի և Բեռլինի «Թանգարանային կղզու» Նախապատմության և վաղ պատմության թանգարանի միջև փորձի փոխանակում, համատեղ գիտական և մշակութային միջոցառումների կազմակերպում, ինչպես նաև հետազոտական և մասնագիտական զարգացման համատեղ ծրագրերի իրականացում։

Հայաստանի Հանրապետության Կրթության գիտության մշակույթի և սպորտի ու Արտաքին գործերի նախարարությունների աջակցությամբ թանգարանների համագործակցությունը սկսվել է 2021 թվականից։

Աշխատանքային այցի շրջանակում թանգարանի պատվիրակությունն այցելել է նաև «Պետրի տուն» հնագիտական կենտրոն՝ ծանոթանալով կենտրոնի գործունեությանը, մասնավորապես՝ վերականգնման լաբորատորիայի, բաց ֆոնդերի աշխատանքին և կրթական ծրագրերին։

 




Լրահոս