Այսօր փետրվարի 4-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աբու Դաբիում՝ Արաբական Միացյալ Էմիրություններում, հանդիպում է ունեցել Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Ըստ պաշտոնական տեղեկության՝ նրանք գոհունակություն են հայտնել երկկողմ առևտրի մեկնարկի և Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի շարունակական արտահանման, ինչպես նաև երրորդ երկրներից հացահատիկի և այլ ապրանքների տարանցման իրականացման կապակցությամբ՝ Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան:
Կողմերը համաձայնել են շարունակել ուսումնասիրել երկկողմ առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները։
Նրանք նաև ողջունել են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների փոխադարձ այցելությունները և համաձայնել վստահության ամրապնդման միջոցառումների ընդլայնման անհրաժեշտության հարցում։
Վարչապետ Փաշինյանը և նախագահ Ալիևը քննարկել են TRIPP-ի և այլ ենթակառուցվածքների նախագծերի իրականացումը։
Հետաքրքիր հանգամանքներից մեկն այն է, որ երկկողմ հանդիպումը տեղի ունեցավ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան և Ադրբեջան կատարվելիք այցից առաջ։
Ստացվում է, որ Փաշինյան-Ալիև հանդիպումը ենթադրում էր համաձայնեցում որոշ հարցերի շուրջ, որոնք պետք է քննարկեն ԱՄՆ փոխնախագահի հետ։ Այսինքն հանդիպման նպատակն էր խոսել ու քննարկել այն, ինչ պետք է ներկայացվի Վենսին։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ի իր էջում գրառում էր արել, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը այս տարվա փետրվարին պատրաստվում է այցելել Հայաստան և Ադրբեջան։
Հիշեցնենք, որ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Դոնալդ Թրամփի հետ եռակողմ հանդիպման ժամանակ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները ստորագրել են համատեղ հռչակագիր՝ Երևանի և Բաքվի միջև խաղաղության պահպանման ու տրանսպորտային հաղորդակցության ստեղծման վերաբերյալ։ Հաղորդակցությունների բացման այդ նախագիծն ստացել է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» անվանումը։
Էմմա Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում․






























