ՍԴ դատավոր Արտակ Զեյնալյանի հորեղբոր թոռան քրեական գործով ուշագրավ զարգացումներ են: Նախ, ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն, սպանված Սարգիս Զեյլանյանի ծնողներին հրավիրել են հարցաքննության: Սակայն ամենուշագրավն այն է, որ նախաքննական մարմինը գործընթաց չի սկսում այն անձի նկատմամբ, ով զանգահարել է Սարգիս Զեյլանյանին եւ կանչել կոնկրետ դեպքի վայր: Ըստ էության, եթե Սարգիս Զեյնալյանին զանգ չհնչեր, ապա Սարգիս Զեյնալյանը չէր գա նշված վայր ու նրան չէին սպանի:
Ի դեպ, այսքանով ամեն ինչ չի ավարտվում։ Տեղեկություններ ու տեսանյութեր կան, որ, մինչ Սարգիս Զեյնալյանին սպանելը, երկու եղբայր դեպքից առաջ եղել են նրա եղբոր աշխատանքի վայրի մուտքի մոտ, ու չի բացառվում, որ միգուցե ցանկացել են Սարգիս Զեյնալյանին սպանելուց առաջ եղբորը սպանել:
Հուսանք այս հարցերի պատասխանը հետագայում կտա նախաքննական մարմինը, որը դեռ քննությունը շարունակում է:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին Աբովյան քաղաքում 2 անձ հարձակվել էին ՍԴ դատավոր Արտակ Զեյնալյանի հորեղբոր թոռան 24-ամյա Սարգիս Զեյնալյանի վրա, դանակի հարվածներ հասցրել, ինչի հետեւանքով նա մահացել էր։ Դանակահարությունը տեղի էր ունեցել Աբովյանի կենտրոնական հատվածում՝ Հանրապետության-Օգոստոսի 23 փողոցների խաչմերուկում՝ կանգառասրահի մոտ։ Դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 2 անձի նկատմամբ՝ եղբայրներ Աբովյան քաղաքի բնակիչներ, 42-ամյա Աշոտ Սոխրաբյանցի և 34-ամյա Բենյամին Սոխրաբյանցի նկատմամբ սպանության հատկանիշներով։ Նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան ու վերջիններս կալանավորվախ են:
Դատելով հարազատների հրապարակային գրառումից՝ ամիսներ առաջ 24-ամյա Սարգիսի ու ենթադրյալ մարդասպան Աշոտ Սոխրաբյանցի միջեւ Գինու փառատոնին վեճ է եղել, ու միջադեպը այնքան է խորացել, որ ավարտը եղավ ճակատագրական։
Ենթադրյալ մարդասպանը 14 տարի առաջ էլի մարդ էր սպանել ու ազատության մեջ նոր էր հայտնվել:
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում․






























