Այսօր՝ ապրիլի 26-ին, ԱՄՆ դիվանագետ, Հենրի Մորգենթաուի ծննդյան օրն է: Մորգենթաուն ԱՄՆ դեսպան է եղել Օսմանյան կայսրությունում 1913 – 1916-ին և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը: Մորգենթաուն ցեղասպանության մասին խոսել է իր հուշերում։
Հենրի Մորգենթաուն 1865 թ-ին ընտանիքի հետ տեղափոխվել է ԱՄՆ, 1877 թ-ին ավարտել է Կոլումբիայի իրավաբանական քոլեջը, հետագայում եղել է ԱՄՆ-ի ժողովրդավարական կուսակցության գործուն անդամներից։
1913–16 թթ-ին նա ԱՄՆ-ի դեսպանն էր Թուրքիայում: Առաջին աշխարհամարտի (1914–18 թթ.) սկսվելուց հետո Օսմանյան կայսրությունում ներկայացրել է նաև Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Իտալիայի, Բելգիայի շահերը։
1915 թ-ից Մերձավոր Արևելքում Ամերիկյան օգնության կոմիտեի փոխնախագահն էր։ Երբ հայտնի է դարձել, որ արևմտահայերի տեղահանության իրական նպատակը նրանց լիակատար բնաջնջումն է, Մորգենթաուն հանդիպել է երիտթուրքերի պարագլուխներ Թալեաթ և Էնվեր փաշաների հետ, փորձել կասեցնել կոտորածն ու տեղահանությունը։
Դիմելով Թալեաթին՝ Մորգենթաուն ասել է. «Մեր ժողովուրդը երբեք չի մոռանա այս ջարդերը»։
Իր հուշերում, որոնք գրված են Հալեպում ԱՄՆ-ի հյուպատոսի զեկուցագրերի հիման վրա, նա առանձին գլուխներ է նվիրել արևմտահայերի ողբերգությանը։
1916 թ-ին Մորգենթաուն թողել է դեսպանի պաշտոնը՝ ասելով. «Ես այլևս չէի կարող շարունակել իմ հարաբերություններն այնպիսի մարդկանց հետ, որոնք թեպետ սիրալիր և բարեկիրթ են, բայց կարող են 1 միլիոն մարդու արյուն հեղել»։
Մորգենթաուի «Հայկական ջարդերի առթիվ» (1918 թ.), «Ինչո՞ւ պետք է կործանել Օսմանյան կայսրությունը» (1918 թ.), «Հայաստանը կանչում է» (1918 թ.), «Կոչնչանա՞ արդյոք Հայաստանը» (1920 թ.), «Հայերի կոտորածները 1915-ին» (1922 թ.) հոդվածները և «Հայաստանի ողբերգությունը» (1918 թ.), «Բոսֆորի գաղտնիքներ. 1913–1916» (1918 թ.), «Դեսպան Մորգենթաուի պատմությունը» (1918 թ., հայերեն՝ 1919 թ.) գրքերն արժանահավատ վկայություններ են Մեծ եղեռնի մասին։
Նա մերժել է ռազմական անհրաժեշտությամբ հայերի տեղահանության թուրքական վարկածը և ապացուցել, որ երիտթուրքական պարագլուխների նպատակը հայ ազգի իսպառ ոչնչացումն էր։ Մորգենթաուն դատապարտել է նաև եվրոպական տերությունների անտարբերությունը հայերի հալածանքների նկատմամբ, որն էլ իր հերթին խրախուսել է թուրք ջարդարարներին։
Հայոց ցեղասպանության թանգարանին կից Հուշապատի վերջնամասում, ի թիվս այլ մտավորականների և գործիչների, որոնք բողոքել են Հայոց ցեղասպանության դեմ, ամփոփվել է նաև Մորգենթաուի շիրմից բերված հողով սափորը։
Մորգենթաուն այն գործիչներից է, ով արժանի է երախտիքի։