«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2026 թվականի հունվարի 29-ին քաղաքացի Հակոբ Խաչատրյանը դատարան է ներկայացրել հայց՝ ընդդեմ «Վիվա Արմենիա» ընկերության։ Հայցը վերաբերում է հողամասը ազատելուն, կայանի ապամոնտաժմանը և չվճարված վարձավճարների բռնագանձմանը։ Հունվարի 30-ին այն հանձնվել է դատարանի դատավոր Էմին Աբգարյանի աշխատակազմին։
Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ ՀՀ դատական տեղեկատվական համակարգից։
«Վիվա Արմենիա»-ի այս վարքագիծը տարիներ շարունակ ներկայացվում է որպես պատասխանատու բիզնեսի օրինակ՝ իր հրապարակային հաղորդագրություններում շեշտադրելով պատասխանատվությունն ու հարգանքը որպես հիմնարար արժեքներ։ Սակայն ներկայացված հայցի բովանդակությունը վկայում է բոլորովին այլ պատկերի մասին։
Ըստ հայցի՝ ընկերությունը, լինելով եկամտաբեր և շուկայում առաջատար դիրք ունեցող կառույց, չի վճարել քաղաքացուն պատկանող տարածքի վարձավճարը և չի կատարել հողամասը ազատելու ու կայանը ապամոնտաժելու պահանջը։
Սա հանրային հարցադրում է առաջացնում․
ինչպե՞ս է ստացվում, որ միլիարդավոր դրամների շրջանառություն ունեցող ընկերությունն ամիսներ կամ տարիներ շարունակ չի կատարում իր պայմանագրային պարտավորությունները շարքային քաղաքացու նկատմամբ։
Հիշեցնենք, որ հեռահաղորդակցական գործունեության արտոնագիրը ընկերությունը ստացել է 2004 թվականի նոյեմբերի 2-ին՝ գրանցվելով որպես «Ղ–Տելեկոմ», իսկ շուկա դուրս գալով «ՎիվաՍել» բրենդով։ Գործունեությունը մեկնարկել է 2005 թվականին՝ երկար տարիներ ղեկավարելով ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
Սակայն նախորդ տարվա հուլիսի 15-ին Յիրիկյանը անակնկալ կերպով հեռացավ ընկերությունից։ Նրան փոխարինեց Արմեն Ավետիսյանը։ Թե ինչու հեռացավ Յիրիկյանը, պատճառների մասին ընկերությունը պաշտոնապես պարզաբանումներ չտվեց՝ դրանք համարելով առևտրային գաղտնիք։
Սեփականատիրոջ փոփոխություն՝ առանց աղմուկի
«ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի սեփականատիրական կառուցվածքը տարիներ շարունակ եղել է բազմաշերտ։ Ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանել է Կիպրոսում գրանցված «Aramayo Investments Limited» ընկերությանը, որը wiederum ամբողջությամբ պատկանում է Լյուքսեմբուրգում հիմնադրված «Allegretto Holding S.a.r.l.»-ին՝ ռուսական «ՄՏՍ» ընկերության դուստր կառույցին։
2023 թվականի հունվարին «ՄՏՍ Հայաստան»-ը դիմեց ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ վերահսկողության փոխանցման համաձայնություն ստանալու համար։ Գործարքի արդյունքում ընկերությունը պետք է անցներ Կիպրոսում գրանցված «Fedilco Group Limited»-ի վերահսկողության տակ։
ՀԾԿՀ-ն, ԲՏԱ նախարարության և ՀՀ ԱԱԾ-ի առարկությունների բացակայության պայմաններում, հաստատեց գործարքը՝ նշելով, որ այն չի պարունակում ազգային անվտանգության կամ պետական շահերի համար ռիսկեր»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
«Վիվա Արմենիա» ընկերությանը պարաբանում է․
«Արձագանքելով «Ժողովուրդ» օրաթերթում տեղ գտած և մի քանի այլ ԶԼՄ-ներում վերահրապարակված՝ «ՎԻՎԱ ընկերությունը մարդկանց վարձավճարը չի տալիս. նոր հայց» հրապարակմանը՝ Viva-ն հարկ է համարում ներկայացնել պարզաբանում՝ համապատասխան ԶԼՄ-ներում հրապարակման ակնկալիքով.
Նախ և առաջ պետք է նշել, որ հրապարակման մեջ հիշատակված հայցադիմումը վերադարձվել է հայցվոր կողմին՝ ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշումով (ԳՈՐԾ ԹԻՎ ԱՎԴ/0128/02/26), հետևյալ պատճառաբանությամբ՝ «դատարան ներկայացված հայցադիմումը չի համապատասխանում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ և 122-րդ հոդվածներով սահմանված հայցադիմումի ձևին ու բովանդակությանը… Դատարանը վերլուծելով վերը նշված հանգամանքը գտնում է, որ հայցվորի կողմից չեն պահպանվել վերոնշյալ իրավական նորմերի պահանջները` ներկայացված հայցադիմումը չի համապատասխանում օրենքով սահմանված հայցադիմումի ձևին ու բովանդակությանը և կից փաստաթղթերին ներկայացվող պահանջներին, որոնք էլ հիմք են հայցադիմումը վերադարձնելու համար»:
Ինչ վերաբերում է Viva-ի կողմից վարձավճարը չվճարելու մասին պնդմանը՝ Viva-ն ամենայն պատասխանատվությամբ հայտնում է, որ երբևիցե չի հրաժարվել որևիցե ծառայություն մատուցողի վճարել պայմանագրով նախատեսված վարձավճարը:
Տարածքի համար, որտեղ տեղակայված է հիմնական կայանը, վարձակալության գումարը չի կարող փոխանցվել ֆիզիկական անձի, ում հետ կնքված չէ հողի վարձակալության պայմանագիր: Հայցադիմումով դատարան դիմած անձից՝ Հակոբ Խաչատրյանից, որը ներկայանում է որպես տարածքի նոր սեփականատեր, Viva-ն բազմիցս խնդրել է ներկայացնել տարածքի նոր սեփականատեր լինելու ապացույցներ՝ անշարժ գույքի հանդեպ սեփականության իրավունքը հաստատող վկայականը, անձը հաստատող փաստաթուղթ, առուվաճառքի պայմանագիրն ու անհրաժեշտ այլ փաստաթղթեր: Նշված փաստաթղթերը ներկայացնելու պարագայում, Viva-ի ու նոր սեփականատիրոջ միջև վարձակալության պայմանների շուրջ համաձայնության դեպքում՝ կկազմվի վարձակալութան նոր պայմանագիր ու կկատարվեն համապատասխան վճարումները՝ ըստ պայմանագրի: Համաձայնության չգալու դեպքում Viva-ն, բնականաբար, կապամոնտաժի հիմնական կայանը և համապատասխան սարքավորումները կհեռացնի տարածքից»:





























