Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամներ Վլադիմիր Վարդանյանը, Արուսյակ Ջուլհակյանը, Հայկ Մամիջանյանը եւ Արմեն Ռուստամյանը փետրվարի 5-ին հանդիպել են Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ’Ֆլահերթիի հետ:
Ողջունելով հյուրին խորհրդարանում՝ Վլադիմիր Վարդանյանը բարձր է գնահատել Մայքլ Օ’Ֆլահերթիի ջանքերը՝ ուղղված Եվրոպայի խորհրդի շրջանակում մարդու իրավունքների պաշտպանության առաջմղմանը:
Զրուցակիցները խոսել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի եւ Եվրոպայի խորհրդի միջեւ շարունակական համագործակցության մասին: Մասնավորապես անդրադարձ է կատարվել կանանց նկատմամբ բռնությունների կանխարգելմանը, ինչպես նաեւ Ղարաբաղից տեղահանված անձանց իրավունքներին վերաբերող հարցերին: Վլադիմիր Վարդանյանը նշել է, որ ՀՀ Կառավարությունը շարունակում է անել հնարավորը տեղահանվածներին մեր հասարակությունում ինտեգրելու ուղղությամբ:
ԱԺ պատգամավորները հյուրի ուշադրությունն են հրավիրել Բաքվում պահվող անձանց խնդրին, կարեւորել նրանց շուտափույթ հայրենադարձումը:
ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչներ Հայկ Մամիջանյանը եւ Արմեն Ռուստամյանը հանձնակատարին ներկայացրել են ներհայաստանյան զարգացումները, խոսել Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության հարցից, անդրադարձել, իրենց գնահատմամբ, երկրում քաղբանտարկյալների առկայությանը:





























