Այսօր՝ փետրվարի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08:00-ի սահմաններում «Honda» մակնիշի ավտոմեքենան Հանրապետության հրապարակում, դեպի Տիգրան Մեծի պողոտա ընթանալիս, ՀՀ կառավարության վարչական շենքի դիմաց բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Lexus» մակնիշի ավտոմեքենային, ապա առաջ ընթացել, անցել բազալտե եզրաքարի ու կանաչ գազոնի վրայով, բախվել հետիոտնի համար նախատեսված ու տեղադրված լուսակիրին և ցուցանակին, կոտրել այն և գլխիվայր շրջվել՝ հայտնվելով հետիոտնային անցման վրա։
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանն էլ հայտնում է, որ վթարի հետևանքով «Honda»-ի վարորդին տեղափոխել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի և հիվանդանոց տեղափոխված՝ «Honda»-ի վարորդի ինքնությունը։
Նշենք, որ, երբ ավտոմեքենան տեղափոխում էին, դեպքի վայր ժամանեց մի երիտասարդ տղա, ով հայտնեց, որ «Honda»-ի վարորդը ինքն է և հրաժարվել է հիվանդանոցում մնալ։





























