ՔՊ պատգամավոր Կարեն Սարուխանյանի զոքանչին տնային կալանքից ազատ են արձակել։
Երեկ ՔՊ-ական պատգամավորի զոքանչը անգամ գնացել է Գյումրու քաղաքապետարան իր աշխատանքի վայր։ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ էին ձեռք բերվել այն մասին, որ Գյումրու համայնքապետարանի պաշտոնատար անձինք մի շարք աշխատակիցների՝ աշխատանքից ազատելու սպառնալիքով, ցուցում են տվել, որպեսզի վերջիններս հրահանգավորեն իրենց ենթակայության ներքո գտնվող մանկապարտեզների տնօրեններին՝ սաներին տուն ուղարկել և իրենց անձնակազմի հետ անմիջապես մեկնել համայնքապետարան՝ թույլ չտալու ձերբակալել համայնքի ղեկավար Վարդան Ղուկասյանին։
Արդյունքում, նման ցուցումից հետո բազմաթիվ մանկապարտեզների տնօրեններ դադարեցնելով աշխատանքը՝ անձնակազմի հետ միասին ժամանել են համայնքապետարանի հարակից տարածք և միացել հավաքի մասնակիցներին:
Քրեական վարույթի նախաքննության ընթացքում չորս անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով (հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը) և 46-486-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելուն դրդելը): Համայնքապետարանի երեք աշխատակից ձերբակալվել էին, որոնցից մեկը ՔՊ-ական Կարեն Սարուխանյանի զոքանչն էր, որ Գյումրու քաղաքապետարանի կրթության բաժնում է աշխատում։
Արդյունքում դատարանը որոշել էր ՔՊ-ականի զոքանչի նկատմամբ խափանման միջոց ընտրել տնային կալանքը,բայց օրերս նույն Հակակոռունցիոն դատարանի որոշմամբ Սարուխանյանի զոքանչը ազատ է արձակվել եւ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրված վարչական վերահսկողությունը եւ պաշտոնավարման կասեցումը։
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում․





























