ArmLur.am-ը գրում է. «ArmLur.am-ի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ նախորդ շաբաթ իշխանությունները ամփոփել են պատվիրված սոցհարցումները ողջ հանրապետությունում։ Անցողիկ են 3–4 ուժեր։
Ըստ իշխանական հարցման արդյունքների՝ 30–32% ձայն կհավաքի ՔՊ-ն, եթե առաջիկա շաբաթ անցկացվեն ընտրությունները, 20–22% կհավաքի բարերար Սամվել Կարապետյանի առաջնորդած «Մեր ձևով» շարժումը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Գագիկ Ծառուկյանի գլխավորած ուժերը անցողիկ շեմում են։
ՔՊ-ն գոհ չէ արդյունքներից, բայց և դժգոհ էլ չէ, քանի որ չկա որևէ ուժ, որն այսօրվա դրությամբ կարող է մեծամասնություն ձևավորել 2026-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով։ Նիկոլ Փաշինյանն իր կողմնակիցների հետ քննարկման ժամանակ բացատրել է, որ դեռ քարոզարշավ չեն իրականացրել, և լավ աշխատելու դեպքում հնարավոր է իրենց ունեցած այսօրվա ցուցանիշներին հավելել լուրջ տոկոսներ։
Սամվել Կարապետյանի աճող հեղինակությունը, ճիշտ է, մտահոգում է իշխող թիմին, բայց նրանք համարում են, որ միևնույն է՝ մեծամասնություն ունենալու ձգտումները «Մեր ձևով»-ի մոտ կտապալվեն։ Հանուն արդարության պետք է նշել, որ այս քաղաքական միավորի շուրջ սպասումներն իսկապես մեծ են, բայց կազմակերպվածությունը, թիմի կարողություններն ու պրոֆեսիոնալիզմը դեռ կաղում են։ Կան միայն մաքուր անցյալ ունեցող երիտասարդներ, ինչը քիչ է հաջողության հասնելու համար, հատկապես ընդգծված լիդերի բացակայության պայմաններում։
Ինչ վերաբերում է Քոչարյան–Ծառուկյան միավորումներին, ապա նրանք լավ աշխատանքի դեպքում կկարողանան էլեկտորատ հավաքել, քանի որ ընդգծված ընդդիմադիր հատվածը Ռոբերտ Քոչարյանին է տեսնում՝ իբրև փոփոխությունների հնարավորություն։ Հասարակության մեջ մի զանգված էլ կա, որը Գագիկ Ծառուկյանին ընկալում է որպես բարեգործ և պատրաստ է կանգնել նրա կողքին։
Վերջում ընդգծենք, որ սա ՔՊ-ի պատվիրած փակ հարցումների արդյունքներն են, որոնք կարող են կտրուկ փոփոխվել նախընտրական ժամանակահատվածում»։





























