Հայաստան համահայկական հիմնադրամը ԼՂ Մարտունի քաղաքում հիվանդանոց կկառուցի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՂՀ Մարտունի քաղաքում հիվանդանոցի կառուցումը համաֆինանսավորում են Հայաստանե հիմնադրամի ԱՄՆ արևելյան շրջանի տեղական մարմինը, Հայ բժիշկների հիմնադրամը և ԼՂՀ կառավարությունը:Հայաստան համահայկական հիմնադրամի մամլո ծառայությունից  armlur.am -ին տեղեկացնում են, որ ներկայիս քաղաքային հիվանդանոցը կառուցվել է 1965թ.:Այսօր այն պատշաճ բուժսպասարկում իրականացնելու համար այլևս պիտանի չէ: Նոր երկհարկանի հիվանդանոցը բուժծառայությունների համար կապահովի ժամանակակից պայմաններ: Նորակառույցի նկուղային հարկում կտեղակայվեն պահեստներն ու սպասարկման սենյակները, առաջին հարկում վարչական մասը, պոլիկլինիկան, ախտորոշման, շտապօգնության և ինֆեկցիոն բաժանմունքները, իսկ երկրորդ հարկում` վիրահատական, թերապևտիկ և գինեկոլոգիայի բաժանմունքները: Էլեկտրաենթակայանը, ջեռուցման ու օդափոխության համակարգերը հնարավորություն կտան հիվանդանոցն արդյունավետ շահագործել: Ընդարձակ բակը կբարեկարգվի հիվանդների հանգստին ծառայելու նպատակով:Հիմնադրամից հայտնում են, որ նորակառույցը զբաղեցնի 2470 քմ մակերես: Կառուցվել են նկուղը և առաջին հարկը, ընթացքում է երկրորդ հարկի շինարարությունը: Հիվանդանոցի գլխավոր բժիշկ Գրիշա Գասպարյանի խոսքով` հաստատությունը տարեկան կարող է սպասարկել շուրջ 1000 ստացիոնար և 1400 ամբուլատոր հիվանդի: Այստեղ միաժամանակ ստացիոնար բուժում կարող է ստանալ 23 հիվանդ: Բուժհաստատությունը կսպասարկի նաև հարևան գյուղերի բնակիչներին:”Սա երկրորդ խոշոր բուժհաստատությունն է, որ կառուցվում է Լեռնային Ղարաբաղում ԱՄՆ արևելյան շրջանի հայության օժանդակությամբ: Ստեփանակերտի պոլիկլինիկան, որ կառուցվել ու կահավորվել է նույն համայնքի ջանքերով, արդեն 9 տարի է, էապես խթանում է բնակչության առողջության պահպանմանը”, – ասել է Հայաստան հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը` վստահություն հայտնելով, որ Մարտունու հիվանդանոցը նմանապես որակյալ բուժսպասարկում կիրականացնի շրջանում:Հայաստան համահայկական հիմնադրամի Նյու Յորքի գրասենյակը Երևանի պետական բժշկական համալսարանի հետ միասին ներդրել է նաև հեռաբժշկության համակարգ (ՙՀայբրիջ՚), որի միջոցով առցանց ախտորոշում և բուժխորհրդատվություն է տրամադրվում Հայաստանի և Արցախի մի շարք բուժհաստատությունների:Ներկայում Մարտունիում Հեռուստամարաթոն-2010-ի նվիրատվություններով վերակառուցվում է քաղաքի ջրամատակարարման ցանցը: Արդեն ավարտվել է ցանցի առաջին գոտու վերակառուցումը, մրցութային փուլում են երկրորդ և երրորդ գոտիների վերակառուցման ծրագրերը:




Լրահոս