Armenian text to speach

Կսահմանվեն անհայտ կորած անձանց իրավական վիճակի կարգավորման գործուն մեխանիզմներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Առաջարկվում է օրենսդրորեն սահմանել, թե ով է համարվելու անհայտ կորած անձ: Ըստ առաջարկվող կարգավորման՝ անհայտ կորած անձ՝ զինծառայող, ինչպես նաեւ զինվորական ծառայության մեջ չգտնվող այլ անձ, այդ թվում՝ մարտական գործողություններին մասնակցելու նպատակով կամավորագրված եւ մարտական գործողությունների շրջան մեկնած կամավորական, որն անհետացել է ռազմական գործողությունների հետեւանքով ստեղծված պայմաններում եւ հանգամանքներում՝ հակառակորդի նախահարձակ գործողությունների հետեւանքով կամ ծառայողական պարտականությունները կատարելիս կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ կամ հայտարարված զինադադարի ընթացքում կամ ռազմական գործողություններին հաջորդող վեցամսյա ժամկետում խաղաղ պայմաններում, եւ հավաստի տեղեկությունների համաձայն՝ նրա վերաբերյալ վերջին տեղեկությունների ստացման օրվանից 72 ժամ անց  ծառայության վայրում կամ նրա ընտանիքի անդամների մոտ տեղեկություններ չկան նրա գտնվելու վայրի եւ ճակատագրի մասին:

«Ռազմական գործողությունների հետեւանքով ստեղծված պայմաններում եւ հանգամանքներում անհայտ կորած անձանց մասին» օրինագիծն ու կից մի շարք օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:

Սահմանվում են անհայտ կորած անձի, ինչպես նաեւ նրա ընտանիքի անդամների իրավունքները, այդ թվում՝ անհայտ կորած անձի անհետացման պատճառների եւ հանգամանքների, գտնվելու դեպքում՝ գտնվելու վայրի, մահվան դեպքում՝ մահվան հանգամանքների, հուղարկավորման վերաբերյալ հավաստի տեղեկություններ ստանալու, մարմինը (մասունքները) ստանալու իրավունքը եւ այլն:

Սահմանվում են անհայտ կորած անձի հետախուզման համար դիմում ներկայացնելու ընթացակարգը, հետախուզման գործընթացին առնչվող դրույթները, հետախուզման դադարեցման դեպքերը:

Անհայտ կորած անձի հետախուզման դիմումը ներկայացվում է լիազոր մարմին ընտանիքի անդամի, պետական մարմնի կամ հասարակական կազմակերպության կողմից, որից հետո անհայտ կորած անձին վերաբերող տեղեկությունները մուտքագրվում են համապատասխան ռեեստր:

Լիազոր մարմինը հարցումներ է ուղարկում պետական մարմիններին, ՏԻ մարմիններին, միջազգային մարդասիրական կազմակերպություններին, որոնք կարող են տիրապետել անհրաժեշտ տեղեկատվության:

Սահմանվում է, որ բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկելուց հետո առկա վիճակի մասին 15-օրյա պարբերականությամբ տեղեկատվություն պետք է ներկայացվի լիազոր մարմնին:

Անհայտ կորած անձի հետախուզումը դադարեցվում է անհայտ կորած անձի գտնվելու վայրը, հուղարկավորման վայրը կամ այդ անձի մարմնի գտնվելու վայրը պարզելու օրվանից երեք օրվա ընթացքում: Այդ մասին անհապաղ նշվում է նաեւ համապատասխան ռեեստրում:

Անհայտ կորած անձի՝ դատարանի վճռով մահացած ճանաչվելու, սակայն նրա մարմինը (մասունքները) հայտնաբերված չլինելու դեպքում հետախուզումը չի դադարեցվում:

Լիազոր մարմինը լինելու է Ազգային անվտանգության ծառայությունը: Օրենքով սահմանվում է նաեւ այս մարմնի լիազորությունների շրջանակը:

Սահմանվելու է անհայտ կորած անձանց, նրանց ընտանիքի անդամներին տրամադրվող արտոնությունների շրջանակը:

Անհայտ կորածների ծնողների եւ հարազատների մտահոգությունները հաշվի առնելով՝ սահմանվել է, որ անհայտ կորելու փաստով անհայտ կորած անձի հետախուզման մասին դիմում ներկայացված լինելու եւ միաժամանակ քրեական վարույթ նախաձեռնված լինելու դեպքում՝ քննիչն անհապաղ միջնորդություն է ներկայացնում դատարան՝ անհայտ կորած անձին առնչվող հեռախոսազանգերի եւ դրա կապակցությամբ տեղաշարժերի տվյալները ստանալու համար:

Հարակից զեկույցում Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նշել է, որ հարցն անցել է աշխատանքային քննարկումների փուլ: Պատգամավորը բարձրացրել է անվտանգային այլ գործողությունների մասնակիցներին եւս այս շրջանակում ընդգրկելու հարցը: Նշվել է, որ հանձնաժողովը հարցի առնչությամբ դրական եզրակացություն է տվել:

Եզրափակիչ ելույթում Սրբուհի Գալյանը նշել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում պատրաստ են քննարկել այդ անձանց շրջանակն ընդլայնելու կամ առավել հստակեցնելու հարցը:




Լրահոս