ArmLur.am-ը հարց է ուղղել Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին․ «Տեղյա՞կ եք, թե ձեր նախարարությունում ինչ է կատարվում, կոռուպցիա կա»։
«Ես ռիսկը տեսել եմ, ասել եմ՝ պետք է ստուգել, և բացահայտվել է»,- նշել է Պապոյանը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել էր, որ կոմիտեում քննվող քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության համապատասխան վարչության պաշտոնատար անձը, օգտագործելով իր ծառայողական լիազորություններն ու դրանցով պայմանավորված ազդեցությունը, տնտեսվարողի օգտին ապօրինի գործողություն կատարելու համար նրանից կաշառք է ստացել։
Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ Հնդկաստանից Հայաստանի Հանրապետություն բնական մշակված ադամանդների ներմուծման համար պետական վերահսկողական ակտ կազմելու գործընթացում խոչընդոտներ չստեղծելու և նշված ապրանքատեսակի ներմուծման ընթացքն արագացնելու համար վերը նշված պաշտոնատար անձը 2025 թվականի մայիսի 13-ին «Զվարթնոց» օդանավակայանում կաշառք է ստացել տնտեսվարողից:
Էկոնոմիկայի նախարարության պաշտոնյային մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, իսկ կաշառք տված անձին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ։
Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան
Մանրամասները՝ տեսանյութում





























