ՀՀ քննչական կոմիտեի Սահմանադրական կարգի հիմունքների, պետության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում լայնածավալ քննություն է սկսվել։ Քննչական կոմիտե են հրավիրում տարբեր անձանց։ Եվ ահա, ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն, քրեական վարույթով հարցաքնության են հրավիրել ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանին և փորձել հարցաքննել, սակայն, մեզ հասած տեղեկությունների համաձայն, Գառնիկ Դանիելյանը հրաժարվել է ցուցմունք տալ։
Ավելին, ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն, նախաքննական մարմինը WhatsApp հեռախոսային խոսակցության մասին է հարցնում, նրանք հրաժարվում են խոսել։
Ինչ հեռախոսային խոսակցության մասին է խոսքը, այս պահին չենք հրապարակում։
Նշենք, որ «Բագրատ Սրբազանի և 17 արդարների» գործից կա անջատված մաս, և այդ քրեական վարույթը քննչական կոմիտեում շարունակվում է։ Նշենք նաև, որ 2025 թվականի դեկտեմբերի 9-ին ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանն ՀՀ քննչական կոմիտեում հարցաքննվել էր «Սրբազան պայքարի» գործի շրջանակում։ Վերջինս նշել էր, որ հրաժարվել է որևէ ցուցմունք կամ բացատրություն տալ․ «Հայտարարել եմ՝ դա քաղաքական գործ է, իրավական որևէ պրոցես տեղի չի ունենում, դա ընդամենը քաղաքական պատվերի շրջանակներում հետապնդումներ են, և ես հրաժարվում եմ որևէ բացատրություն տալուց»։
Այս իրավիճակում առավել ուշագրավ է այն հանգամանքը, որ եթե պատգամավորին կանչել են հարցաքննության, որեւէ քրեական վարույթով և այն էլ՝ կասկածանքի շուրջ, հարցաքննության ընթացքում իր դեմ հարցեր են ուղղել, իսկ վերջինս էլ, օգտվելով իր դատավարական իրավունքից, հրաժարվել է ցուցմունք տալ, ապա դա ենթադրում է, որ նրա նկատմամբ փաստացի քրեական հետապնդում սկսելու գործընթաց է տեղի ունենում։
Սակայն ստացվում է, որ նախաքննական մարմինը, ըստ էության, այս իրավիճակում սխալ մոտեցում է որդեգրել և պատգամավորին անձեռմխելիությունից զրկելու գործընթացը չիրականացնելով՝ նրան կասկածանքի վերաբերյալ հրավիրում է և հարցաքննում, տալով փաստացի մեղադրյալի կարգավիճակ և օժտելով մեղադրյալի իրավունքներով ու պարտականություններով։
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում․





























