ՆԳՆ ոստիկանությունը վերջին շրջանում փուլ առ փուլ ուսումնասիրում է քաղաքացիներին պատկանող զենքերի փաստաթղթերը և անգամ օրինական հիմքով ձեռք բերված զենքերի դեպքում պահանջում է դրանք հանձնել կամ ենթարկում է տեխնիկական վնասման՝ օգտագործման համար անպիտան դարձնելու նպատակով։ Այս գործընթացը վերաբերում է ոչ միայն շարքային քաղաքացիներին, այլև պետական բարձր պաշտոն զբաղեցրած անձանց։
ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի խորհրդական, գործարար Մհեր Տերտերյանը ընկել է դատարանի դռները։
Մհեր Տերտերյանը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության՝ 30.05.2025 թվականի իր կողմից ներկայացված «Զենքի հետ կապված և անվտանգության կանոնների իմացության տեսական և գործնական քննությունները հանձնելու մասին» հավաստագրի և «Զենքի տիրապետմանը խոչընդոտող հիվանդությունների և ֆիզիկական թերությունների առկայության կամ բացակայության մասին» բժշկական եզրակացության ներկայացման ժամկետի բաց թողումը հարգելի համարելու, ինչպես նաև հայցվորին սեփականության իրավունքով պատկանող, նրա անվամբ հաշվառված «ARMSCOR 1911 A2 FS PS» մոդելի, 9×19 մմ տրամաչափի, A1365311 համարի ատրճանակը կրելու և պահելու թույլտվության վերաբերյալ բարենպաստ վարչական ակտ ընդունելուն պարտավորեցնելու պահանջով։
«Զենքի մասին» 1998 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-246 օրենքի 20-րդ հոդվածով սահմանված կարգով զենքով պարգևատրված անձինք մինչև 2025 թվականի հունիսի 1-ը պարտավոր էին Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանություն ներկայացնել տվյալ անձի մոտ զենքի տիրապետումը խոչընդոտող հիվանդությունների և վիճակների բացակայությունը հավաստող բժշկական փաստաթղթեր և զենքի հետ կապված անվտանգության կանոնների իմացության տեսական և գործնական քննությունները հանձնելու մասին փաստաթուղթ։
Սահմանված փաստաթղթերը չներկայացնելու դեպքում զենքը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանությունը վերցնում է և վերադարձնում տիրոջը։
Դատելով իրավիճակից՝ բոլոր նրանք, ովքեր օրենքի այս կետերին չեն ենթարկվում կամ չեն համապատասխանում դրանց, նրանց պատկանող զենքերը առգրավվում են։
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում․























