
Սյունիքի մարզի Քաջարան գյուղի գյուղապետ Ռաֆիկ Աթայանը հրաժարական է տվել գյուղապետի պաշտոնից, իսկ այսօր հրաժարվելու է նաեւ Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամությունից: Վերջինս այդկերպ բողոքում է իր եւ իր ղեկավարած համայնքի նկատմամբ շարունակվող ճնշումների դեմ: Հիշեցնենք, որ այս տարվա գարնանը կառավարությունը որոշում էր կայացրել Սյունիքի մի շարք համայնքներին, այդ թվում` Քաջարան գյուղին պատկանող որոշ տարածքներ բացառիկ գերակա շահ ճանաչելու եւ դրանց նպատակային նշանակությունը փոփոխելու մասին: Նշված տարածքներում հանքարդյունաբերական աշխատանքներ պետք է իրականացնի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը:Քաջարան գյուղի բնակիչները կտրականապես դեմ են համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքները Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին զիջելու հնարավորությանը, ինչը, նրանց համոզմամբ, առնվազն էկոլոգիական առումով հավասարազոր է գյուղն իսպառ կործանելուն:Ավելի վաղ Ռաֆիկ Աթայանը ասել էր, որ պատրաստ են արյուն թափել, սակայն իրենց հողերը կոմբինատին չեն զիջի։