ArmLur.am-ին բացառիկ մանրամասներ են հայտնի դարձել Արշակ Սրբազանի վերագրվող տեսանյութերի փորձաքննություններից։
Մասնավորապես մեզ հասած տեղեկությունների համաձայն նրան վերագրվող աղմկահարույց տեսանյութի մասով փորձաքննություններ են նշանակվել Սերբիայում, Չերնոգորիայում եւ Չեխիայում։ Երեկ փաստաբան Արսեն Բաբայանը հայտնել էր, որ Արշակ Սրբազանին վերագրվող տեսանյութերը կեղծ են․
«Ստացել եմ դեռևս նախորդ տարվա նոյեմբերին իմ կողմից նշանակված միջազգային փորձաքննությունների արդյունքները՝ Արշակ սրբազանին վերագրվող հայտնի տեսագրությունների իսկության պարզման նպատակով։
Երեք տարբեր պետություններից ստացված փորձագիտական եզրակացությունները հաստատում են սրբազանի այն պնդումը, որ նա որևէ առնչություն չունի տեսագրությունների բովանդակության հետ։
Փորձագետները, ի թիվս այլնի, հանգել են հետևյալ եզրակացություններին՝
1. Տեսագրության բովանդակությունը կեղծ է և ստեղծվել է հատուկ ծրագրային միջոցների կիրառմամբ,
2. Տեսարանները օբյեկտիվ իրականության մեջ գոյություն չեն ունեցել,
3. Տեսագրության մեջ երևացող անձանց հավաստի նույնականացում կատարելն անհնարին է։
Առկա են նաև այլ կարևոր եզրահանգումներ, որոնք հիմնավոր կերպով վկայում են կեղծարարության մասին։
Մոտակա օրերին կհրավիրեմ մամուլի ասուլիս՝ միջազգային փորձագիտական եզրակացությունները հանրությանը ներկայացնելու և դրանց մանրամասները հրապարակելու նպատակով»։
ArmLur.am-ը փաստաբան Արսեն Բաբայանից փորձեց մեկնաբանություն ստանալ, արդյոք վերոնշյալ երկրներում են նշանակված եղել փորձաքննությունները, վերջինս նշեց, որ մանրամասները կհայտնի մամլո ասուլիսին։
Ի դեպ մեզ հայտնի դարձավ, որ վերջինս այս պահին Չեխիայում է, ինչից կարելի է ենթադրել, որ այցը կապված է նշանակված փորձաքննության հետ։
Քնար Մանուկյան

























































































