Փետրվարի 16-ից սկսվում է Մեծ Պահքը։ Այն տեւում է 48 օր՝ Բուն Բարեկենդանից մինչեւ Սուրբ Հարության տոն (Զատիկ)։
Պահքի շրջանում օգտագործում են բացառապես բուսական ծագում ունեցող սննդամթերք:
Ուստի՝ ArmLur.am-ը Մեծ Պահքի ողջ ընթացքում կներկայացնի բուսական կերակրատեսակներ, որոնք կարելի է ուտել պահքի ժամանակ։
Քանի որ մեծամասնության համար դժվար է հրաժարվել քաղցրավենիքից ու խմորեղենից, ուստի՝ առաջինը ներկայացնենք, թե պահքի ժամանակ ինչով կարելի է փոխարինել քաղցրավենիքն ու խմորեղենը։
Պահքի հալվա՝ պատրաստված բուսական յուղով
Բուսական յուղով պատրաստված հալվան ավանդական, պահքի համար հարմար համեղ քաղցրավենիք է, որը սովորաբար պատրաստվում է ալյուրի, բուսական յուղի և շաքարավազի (կամ շաքարի օշարակի) հիմքով։ Այն հաճախ թխվում է, մինչև ալյուրը ստանա ոսկեգույն երանգ, և կարող է ունենալ չոր կամ փխրուն հյուսվածք։
Պահքի հալվա պատրաստելու համար անհրաժեշտ է ցորենի ալյուր, բուսական յուղ, շաքարավազ կամ շաքարի օշարակ, երբեմն՝ ընկուզեղեն։
Պահքի հալվան պատրաստելու համար պետք է ալյուրը տապակել բուսական յուղի մեջ, մինչեւ կստացվի կարամելային երանգ, ապա ավելացնել օշարակը, ընկուզեղենը, խառնել եւ սեղմել կաղապարի մեջ։
Պահքի հալվա քաղցրավենիքին փոխարինելու հիանալի տարբերակ է, քանի որ չի պարունակում կենդանական ծագման յուղեր։
Միշտ հիշե՛ք․ պահքի ընթացքում հրաժարվում են ոչ միայն որոշակի կերակուրներից, այլև մոլի սովորություններից, շատախոսությունից, ստախոսությունից, հայհոյանքից և այլ մեղքերից: Կերակրից հրաժարվելն առանց մեղքից հետ կանգնելու` անիմաստ ու անօգուտ է, որովհետեւ «սատանան միշտ պահքի մեջ է, ոչինչ չի ուտում, բայց մեղք գործելուց չի դադարում եւ չի հոգնում» (Սուրբ Գրիգոր Տաթեւացի):
Միշտ հիշե՛ք․ պահք պահում ենք մենք մեզ համար, մեր մեղքերից, վատ սովորություններից ազատվելու համար, այլ ոչ ցուցադրության համար։ Մատթեոս 6։16-18-ում գրված է․ «Երբ ծոմ պահեք, տրտմերես մի լինեք կեղծավորների նման, որոնք իրենց երեսներն այլանդակում են, որպեսզի մարդկանց այնպես երևան, թե ծոմ են պահում, ճշմարիտ եմ ասում ձեզ, այդ իսկ է նրանց վարձը, այսինքն` մարդկանց երևալը և նրանցից գովվելը: Այլ երբ դու ծոմ պահես, օծի քո գլուխը և լվա քո երեսը, որպեսզի չերևաս մարդկանց ծոմ պահող, այլ քո Հորը, գաղտնաբար, և քո հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կհատուցի քեզ»:
Նանիկ Աղասյան





























