
Պենտագոնում պնդում են, որ ապրիլի 25-ին ռուսական ռազմական ինքնաթիռը մի քանի անգամ խախտել է Ուկրաինայի օդային սահմանը:
ԱՄՆ-ի ռազմական գերատեսչության ներկայացուցիչ Սթիվ Ուորենի խոսքերով «վերջին 24 ժամվա ընթացքում ռուսական ինքնաթիռը մի քանի անգամ խախտել է Ուկրաինայի օդային սահմանը»: Ընդ որում Ուորենը այլ մանրամասներ չի ներկայացրել:
Վերջինս հերթական անգամ կոչ է արել Ռուսաստանին Ուկրաինայում իրավիճակի կարգավորման ուղղությամբ քայլեր ձեռնարկել:
Ուորենի խոսքերով իրենք մի քանի անգամ փորձել են կապ հաստատել ռուս գործընկերների հետ ու կազմակերպել ԱՄՆ-ի ու Ռուսաստանի պաշտպանության նախարարներ Չակ Հեյգլի ու Սերգեյ Շոյգուի հեռախոսազրույցը. «Մենք փորձում էինք հաղորդել, որ մեր պաշտպանության նախարարը ամեն րոպե պատրաստ է հեռախոսազրույցի, բայց պատասխան չենք ստացել»:
Հիշեցնենք, որ ապրիլի 25-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Կիևի իշխանությունների կողմից ձեռնարկած քայլերը պատժիչ գործողություններ են և դա այլ կերպ, քան սեփական ժողովրդի դեմ հանցագործություն որակել, հնարավոր չէ: