
Ապրիլի 24-ին Կանադայի մայրաքաղաք Օտտավայում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի ոգեկոչման արարողությունը, որին մասնակցելու համար մայրաքաղաք էին ժամանել հայ համայնքի ներկայացուցիչներ Տորոնտոյից, Մոնրեալից, Քեմբրիջից և այլ հայաշատ քաղաքներից:
Ոգեկոչման արարողությունը սկսվեց Կանադայում ՀՀ դեսպանության մոտ, որտեղ ծաղկեպսակներ տեղադրվեցին «Անմահ Հայաստան» հուշարձանին, իսկ հոգևորականները` Կանադայի Հայոց թեմի առաջնորդական տեղապահ տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի գլխավորությամբ մատուցեցին ցեղասպանության անմեղ զոհերի հոգեհանգստի պատարագ:
Հայոց ցեղասպանության ոգեկոչումը շարունակվեց Կանադայի խորհրդարանի դիմաց, որտեղ ցուցարարների հոծ բազմությանը միացան խորհրդարանի անդամներ և այլ պաշտոնյաներ, ովքեր ելույթ ունեցան տարելիցի կապակցությամբ: Ելույթով հանդես եկավ նաև Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը, ով շեշտեց, որ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության շարունակական ժխտումն անթույլատրելի է:
ՀՀ ԱԳՆ