Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Օրբելյանների ընտանիքին` մեր օրերի մեծ երաժիշտ, ԽՍՀՄ և Հայաստանի ժողովրդական արտիստ, Պատվո և Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանների ասպետ Կոնստանտին Օրբելյանի մահվան կապակցությամբ:
«Մեծ է մաեստրո Օրբելյանի ավանդը հայ ժամանակակից երաժշտարվեստի զարգացման և տարածման գործում: Նա երեսունվեց տարի ղեկավարել է Հայաստանի պետական էստրադային նվագախումբը՝ նոր որակ և ավյուն հաղորդելով երաժշտախմբին: Նրա երգերը մշտապես սիրված են եղել ունկնդրի կողմից և իրավամբ դարձել ժողովրդի սեփականությունը:
Կոնստանտին Օրբելյանի ստեղծագործական արարումները մշտապես կմնան հայ երաժշտարվեստի պատմության էջերում և սերունդների հիշողության մեջ:
Խորին ցավակցություն եմ հայտնում ձեզ և կիսում ձեր վիշտը»,-ասված է ՀՀ Նախագահի ցավակցական հեռագրում: