«Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոն» ՀԿ ղեկավար Ալեքսանդր Ամարյանն այսօրվա մամլո ասուլիսում հայտարարեց, որ «Կյանքի խոսք» եկեղեցու հիմնադիրի հայտարարությունը, որ նա հարելու է կաթոլիկ եկեղեցուն, մեծ աղմուկ հանեց ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում: «Եթե եկեղեցու առաջնորդը նման բան է արտահայտում` այսինքն` սխալ է եղել, բնականաբար մնացած հավատացյալները պետք է հետևեն իրենց առաջնորդին:
«Կյանքի խոսքի» մյուս մասնաճյուղերը բունտ են անում, քանի որ եթե «Կյանքի խոսք» կրոնական կառույցը լուծարվի, ապա այն ամենը, ինչ պատկանում է այդ կառույցին, անցնում է պետությանը»,- մանրամասնեց բանախոսը:
Պրն Ամարյանի խոսքով` ցավալի է, բայց մեր պետական մարմիններն ու «Կյանքի խոսքի» Հայաստանի մասնաճյուղի ղեկավար Արթուր Սիմոնյանը չեն արձագանքել այս հայտարարությանը:
Armlur.am-ը հետաքրքրվեց` ինչո՞ւ պետք է մեր պատկան մարմինները արձագանքեին այդ հայտարարությանը, Ամարյանի պարզաբանմամբ Կյանքի խոսք կրոնական կառույցը Հայաստանում գրանցվել է որպես քրիստոնեական գաղափարների կրող:
«Եթե Կյանքի խոսքի հիմնադիրը հայտարարում է, որ ինքը սխալ ուղու վրա է եղել, նշանակում է` Կյանքի խոսքի Հայաստանի մասնաճյուղի գործունեությունը պետք է կասեցվի»,- եզրափակեց բանախոսը: