Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՖՈՏՈ․ Կոմիտեն ունի բավարար ներուժ՝ դիմագրավելու բոլոր տեսակի մարտահրավերներին․ ինչ է հայտարարել Քննչականի նախագահը․ քննիչներով հավաքվել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի գլխավորությամբ 2026 թվականի փետրվարի 16-ին տեղի է ունեցել Կոլեգիայի նիստ, որի ընթացքում ամփոփվել են Քննչական կոմիտեի 2025 թվականի աշխատանքները:

Քննչական կոմիտեի նախագահի տեղակալները և առանձին կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները՝ ըստ համակարգման ոլորտների, ներկայացրել են բազմադրվագ, մեծածավալ, հասարակական հնչեցություն ունեցող բազմաթիվ քրեական վարույթներ, որոնց վերաբերյալ Քննչական կոմիտեն պարբերաբար հանդես է եկել հրապարակումներով, ինչպես նաև անդրադարձել են 2024 թվականի համեմատ գրանցված դրական ցուցանիշներին:

Քննչական կոմիտեի ստորաբաժանումների 2025 թվականի ընթացքում կատարած աշխատանքների ամփոփման արդյունքում արձանագրվել է հետևյալը.

Հաշվետու ժամանակահատվածում Քննչական կոմիտեի ստորաբաժանումների կողմից ընդունվել է 74.893 հաղորդում (2024 թվականին՝ 69.415, աճել է 5.478-ով), որից 57.672-ով նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննվել է 224.444 քրեական վարույթ (2024 թվականին՝ 207.132, աճել է 17.312-ով):

Առանց նախորդ տարիներին հաշվառված 128.279 և Քննչական կոմիտեի ստորաբաժանումների միջև ուղարկված 5.234 քրեական վարույթների՝ 2025 թվականի ընթացքում քննվել է 90.931 քրեական վարույթ (2024 թվականին՝ 85.341 քրեական վարույթ, աճել է 5.590-ով):

2025 թվականի ընթացքում քննված 90.931 քրեական վարույթից 41.761-ն ավարտվել է (2024 թվականին՝ 37.947, աճել է 3.814-ով), 260-ն ուղարկվել է այլ նախաքննական մարմին (2024 թվականին՝ 297, նվազել է 37-ով), 7.221-ը` միացվել է (2024 թվականին՝ 6.815, աճել է 406-ով), 20.450-ը հաշվառվել է (2024 թվական՝ 18.144, աճել է 2.306-ով), 2-ով վերացվել է մաս անջատելու որոշումը (2024 թվականին՝ 8, նվազել է 6-ով), իսկ 21.237 քրեական վարույթ փոխանցվել է 2026 թվական (2025 թվականին՝ 22.130, նվազել է 893-ով): Փոխանցված քրեական վարույթներից 989-ով հարուցված է հանրային քրեական հետապնդում, որից 159-ը՝ ոչ մեծ, 308-ը՝ միջին ծանրության, 388-ը՝ ծանր և 134-ը՝ առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ են:

Այսպիսով, 90.931 վարույթից լուծվել է 69.694-ի ընթացքը (2024 թվականին՝ 63.211, աճել են 6.483-ով):

Բարձր է եղել արդյունավետությունը հատկապես դատավարական ավարտներով, մասնավորապես` դատարան ուղարկված քրեական վարույթներով։

Ավարտված 41.761 քրեական վարույթից 14.650-ը՝ 15.533 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան (2024 թվականին՝ 11.825 քրեական վարույթ` 12.805 անձի վերաբերյալ, դատարան ուղարկված վարույթների քանակն աճել է 2.825-ով, իսկ անձանց քանակը` 2.728-ով):

Ընդհանուր արտադրողականությունը կազմել է 76.6% (2024 թվականին՝ 74.1%, աճել է 2.5%-ով): Մեկ քննիչի միջին ծանրաբեռնվածությունը 90.931 վարույթի պայմաններում կազմել է 142 քրեական վարույթ, (2024 թվականին՝ 132, աճել է 10-ով):

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածի կարգով քննիչների կողմից ներկայացվել է 744 միջնորդագիր (2024 թվականին՝ 302, աճել է 442-ով):

2025 թվականի ընթացքում ավարտված և անավարտ վարույթներով պատճառված գույքային վնասից վերականգնվել է ընդհանուր 47 մլրդ 159 մլն 552 հզր ՀՀ դրամը՝ (2024 թվականին՝ 39 մլրդ 118 մլն 327 հզր ՀՀ դրամ, աճել է 8 մլրդ 41 մլն 225 հզր-ով): Բացի այդ, արգելանք է դրվել ընդհանուր 12 մլրդ 990 մլն 207 հզր ՀՀ դրամ արժողության գույքի և դրամական միջոցների վրա, որից միայն 11 մլրդ 696 մլն 13 հզր-ը՝ դրամական միջոցներ:

Զգալի աշխատանքներ են տարվել նաև Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թափուր հաստիքների համալրման ուղղությամբ: Հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներում նախատեսված 1.014 հաստիքից 2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ համալրված է 813-ը, թափուր հաստիքների քանակը՝ 201:

Հաշվետու ժամանակահատվածում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածուների ցուցակի համալրման նպատակով անցկացվել է 5 քննություն, որոնց մասնակցելու դիմում է ներկայացրել 496 անձ (2024 թվականին՝ 478): Արդարադատության ակադեմիան ավարտել է 79 անձ (2024 թվականին՝ 58 անձ):  01.01.2025թ.-ից մինչ օրս պաշտոնի նշանակվել է 137 անձ:

Նշանակումներ են կատարվել նաև բարձրագույն և գլխավոր պաշտոններում, որից բարձրագույն պաշտոնում՝ 18 (Քննչական կոմիտեի նախագահի 3 տեղակալ, 5 գլխավոր վարչության պետ, 10 գլխավոր վարչության պետի տեղակալ), գլխավոր  պաշտոնում՝ 64 (գլխավոր վարչության` վարչության պետեր և պետերի տեղակալներ, մարզային վարչության և բաժնի պետեր և պետերի տեղակալներ:

2025 թվականի ընթացքում կարգապահական պատասխանատվության է ենթարկվել ինքնավար պաշտոն զբաղեցնող 55 անձ (2024 թվականին՝ 144):

Մասնավորապես՝

•    16-ի նկատմամբ կիրառվել է «զգուշացում» (2024 թվականին՝ 30),
•    27-ի նկատմամբ կիրառվել է «նկատողություն» (2024 թվականին՝ 58),
•    10-ի նկատմամբ կիրառվել է «խիստ նկատողություն» (2024 թվականին՝ 51),
•    2-ի նկատմամբ «դասային աստիճանի իջեցում մեկ աստիճանով» (2024 թվականին՝ 0):

Չնայած հաշվետու ժամանակահատվածում կարգապահական պատասխանատվության ենթարկելու դեպքերը կտրուկ նվազել են, մեղմացել են նաև կիրառված տույժերի տեսակները, սակայն դրան զուգահեռ քննիչների կողմից կարգապահության անկում չի գրանցվել:

Ելույթների ավարտին զեկուցողներն անդրադարձել են առաջիկա անելիքներին, հանդես եկել առաջարկություններով, որոնք կնպաստեն հետագայում քրեական վարույթների քննության արդյունավետության բարձրացմանը:

Կոլեգիայի ընթացքում տեղի է ունեցել պարգևատրման արարողությունը.

• ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալներ Վազգեն Ավետիսյանը, Արման Ասլանյանը, Արսեն Այվազյանը և Արմեն Գևորգյանը պարգևատրվել են «Իրավակարգի և օրինականության ամրապնդման համար» մեդալով:
• ՀՀ քննչական կոմիտեի «տարվա լավագույն ստորաբաժանում» է ճանաչվել Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունը:
• Երևան քաղաքի քննչական վարչության «տարվա ստորաբաժանում» է ճանաչվել Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժինը։
• Զինվորական քննչական գլխավոր վարչության «տարվա ստորաբաժանում» է ճանաչվել Վեցերորդ կայազորային քննչական բաժինը։
• Մարզային քննչական վարչությունների «տարվա ստորաբաժանում» է ճանաչվել Լոռու մարզային քննչական վարչությունը։
• «Տարվա քննիչ» է ճանաչվել Կոտայքի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Սմբատ Սմբատյանը։
• «Տարվա լավագույն քննիչ» է ճանաչվել Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի ՀԿԳ ավագ քննիչ Գոռ Դավթյանը:

Քննչական կոմիտեի մի շարք ծառայողներ պարգևատրվել են «Խիզախության համար» մեդալով և հուշանվեր ժամացույցով:

Կոլեգիայի նիստի ընթացքում տեղի է ունեցել նաև նորանշանակ քննիչների երդման արարողությունը։

 




Լրահոս