Ս. Սարգսյանը նախատեց ԵՄ-ին. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արևելյան գործընկերության հինգերորդ տարեդարձի առթիվ բարձր մակարդակի հանդիպմանը երեկ Պրահայում Սերժ Սարգսյանն անդրադարձել է Հայաստան-ԵՄ հարաբերությունների հետագա ընթացքին` ընդգծելով, որ մեր երկիրը շահագրգռված է Արևելյան գործընկերության ձևաչափի հետագա զարգացմամբ. «Մենք հանձնառու ենք ԵՄ մեր գործընկերների հետ քայլեր ձեռնարկել մեր հարաբերությունները կարգավորող իրավական նոր հիմք ձևավորելու ուղղությամբ, որը մի կողմից՝ կարտացոլի ԵՄ հետ Հայաստանի նախորդ քննարկումների բովանդակությունը, մյուս կողմից՝ համատեղելի կլինի համագործակցության մյուս ձևաչափերի հետ»,- ասել է Ս. Սարգսյանը:

Սեպտեմբերի 3 -ի որոշումից հետո, թվում էր` Ս. Սարգսյանը Եվրամիությանն այլևս որևէ ասելիք չպետք է ունենար, սակայն երեկ նա ոչ միայն խոսել է համագործակցության նոր որակների մասին, այլև  դեռ մի բան էլ կշտամբել է եվրոպացիներին. «Մեր համոզմամբ՝ գործընկեր երկրներից որևէ մեկը չպետք է ստիպված լինի գին վճարել իր կայացրած որոշման համար՝ պայմանավորված այս կամ այն ինտեգրացիոն գործընթացին իր մասնակցության աստիճանով: Մենք չենք ուզում ընտրություն կատարել բարեկամների միջև, այլ ուզում ենք ունենալ հնարավորինս շատ բարեկամներ»,- ասել է Սարգսյանը:

Բնականաբար` գին վճարելու ակնարկը վերաբերում էր Ուկրաինային, որտեղ ծավալվող գործողությունները  ցույց տվեցին, որ աշխարհաքաղաքական երկու կենտրոնները` ի դեմս մի կողմից՝ Ռուսաստանի, և մյուս կողմից` ԱՄՆ-ի և ԵՄ-ի, հանուն իրենց շահերի պատրաստ են վերջնականապես ոչնչացնել այդ երկիրը:

Եվ այս առումով որքան էլ անցած ամիսներին քննադատած լինենք Ս. Սարգսյանի` Մաքսային միությանը միանալու անսպասելի, միանձնյա որոշումը, այդուհանդերձ` հանուն արդարության պետք է նկատենք, որ նա միանգամայն իրավացի է իր՝ վերը նշած  բանաձևման մեջ:

Իր խոսքում Ս. Սարգսյանը  նաև անդրադարձել է Արևելյան գործընկերության  խնդիրներին` մասնավորապես նշելով այն հանգամանքը, որ այստեղ միավորվել են երկրներ, որոնք ունեն տարբեր մոտեցումներ և տարբեր ձգտումներ: Եվ այդ  հարցում նա առաջին հերթին նշել է  Ադրբեջանին, որի նախագահ Ի. Ալիևը նախորդ օրը  «օկուպացված տարածքների» շուրջ  նվնվալու առիթը բաց չէր թողել:  Այս կապակցությամբ  էլ միանգամայն տեղին էր  մատնանշումը, որ Հայաստանը և Ադրբեջանը որակապես տարբեր հարթություններում գտնվող երկրներ են, ուստի անհասկանալի է  նրանց  մեկտեղելու ԵՄ որոշումը:

Ճիշտ այնպես, ինչպես անհասկանալի է հիմնարար ազատությունները հարգող Եվրոպայի լռությունը` ԵՄ-ին անդամակցել ցանկացող Թուրքիայի կողմից հայ-թուրքական սահմանը զմռսելու շուրջ, այնինչ, ինչպես նկատեց Ս. Սարգսյանը` «Եվրոպական միությունում սահմաններն արդեն վաղուց պատմություն են դարձել, իսկ ազատ տեղաշարժը՝ հիմնարար սկզբունք»:




Լրահոս