Հոգեբան Սամվել Խուդոյանն այսօրվա մամլո ասուլիսում ասաց, որ աշխարհում տեղի ունեցող փոփոխություններն այսօր հասարակության մեջ տագնապ են առաջացնում, պարզապես մարդը դա չի գիտակցում: «Ժամանակին, երբ ԽՍՀՄ-ը փլուզվեց, շատերը սթրեսի մեջ էին: Այս շրջանում, իհարկե, գլոբալ նման փոփոխություներ չկան, բայց տագնապի զգացողություն կա, պարզապես դա չի գիտակցվում»,- մանրամասնեց բանախոսը:
Անդրադառնալով Թուրքիայի վարչապետ Էրդողանի հայտարարությանը 1915 թ-ի Հայոց ցեղասպանության վերաբերյալ և դրա արձագանքներին հայ հասարակության մեջ, պրն Խուդոյանն ասաց, որ հայ հանրության արձագանքը բացատրվում է մեր զգուշավորությամբ ու կասկածամտությամբ: Նման արձագանքը ըստ հոգեբանի՝ տրամաբանական է:
Հոգեբանի կարծիքով` հայ ազգի մոտ կա զոհի սինդրոմը, որը բացասական չպետք է համարել. նույն բանը կա նաև հրեաների մոտ ավելի վառ արտահայտված ձևով. «Ես համոզված եմ, որ Թուրքիան, եթե ճանաչի Հայոց ցեղասպանությունը, դա կօգնի մեզ հաղթահարելու զոհի բարդույթը»:
Armlur.am-ը հետաքրքրվեց` հայկական մտածողությունը ի՞նչ փոփոխությունների է ենթարկվել:
«Մենք նման հետազոտություն չունենք՝ ի տարբերոթյուն ռուսների: Բայց ես մոտավոր կարող եմ ասել` ինչն է փոխվել: Ագրեսիվությունը, եսակենտրոնությունը, նյութապաշտությունը, տագնապայնությունը կրկնակի բարձրացրել է: Մի քիչ նվազել է հայրենասիրությունը: Սրան զուգահեռ` դրական փոփոխություններ ևս կան`պրագմատիզմը, ռեալիզմն ավելացել է, որը հատկապես դրսևորվում է արտաքին քաղաքական դաշտում»,-եզրափակեց Խուդոյանը:
Սոնա Դավթյան