Երեկ Աջափնյակում հնչած կրակոցների հետևանքով ողջ իրավապահ համակարգը կոնկրետ անձանց բնակարաններում խուզարկություններ է սկսել: Միջադեպի մասնակիցների բնակարաններում իրականացվում են քննչական գործողություններ:
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ այս պահին ՀՀ քննչական կոմիտեում միջադեպի մասնակիցների մասով քննչական գործողություններ են իրականացվում, հարցաքննվում են կոնկրետ անձինք:
ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերի (սպանության փորձը), 155-րդ հոդվածի (սպանությունը), 297-րդ հոդվածի 3-րդ մասի (խուլիգանությունը) և 335-րդ հոդվածի 1-ին մասի (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) հատկանիշներով: Կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ:
Հիշեցնենք, որ դեպքի հետևանքով հիվանդանոց էր տեղափոխվել 7 քաղաքացի, որոնցից մեկը մահացել էր: Վերջինս 45-ամյա Արսեն Վարդանյանն էր, որը ռեստորանում էր գտնվել: Հիվանդանոցից մեզ հայտնեցին, որ վիրավորում ստացած անձիք վիրահատվել են, նրանց կյանքին այս պահին վտանգ չի սպառնում:
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում․























