Այսօր Մեծ Պահքի վեցերորդ օրն է։ Այն տեւում է 48 օր՝ Բուն Բարեկենդանից մինչեւ Սուրբ Հարության տոն (Զատիկ)։
Պահքի շրջանում օգտագործում են բացառապես բուսական ծագում ունեցող սննդամթերք:
Ուստի՝ ArmLur.am-ը Մեծ Պահքի ողջ ընթացքում կներկայացնի բուսական կերակրատեսակներ, որոնք կարելի է ուտել պահքի ժամանակ։
Հումուս
Հուսմուսը պատրասելու համար անհրաժեշտ է սիսեռ, կիտրոնի հյութ, ձիթայուղ, թահին (քունջութի մածուկ), սխտոր, աղ ու պղպեղ։
Թրջում ենք 150 գրամ սիսեռ եւ թողնում ողջ գիշեր, ապա խաշում 4-5 ժամ։ Եփած սիսեռը կեղեւահանում ենք եւ հարում բլենդերի միջոցով, ավելացնում ենք խաշած սիսեռի ջուրը (որպեսզի ստանանք անհրաժեշտ խտություն) եւ նորից հարում բլենդերով։
Ավելացնում ենք 15 գրամ կիտրոնի հյութ, 25 գրամ թահին, 1 հատ սխտոր, աղ ու պղպեղ՝ ըստ ճաշակի։ Այս ամբողջը իրար հետ էլի պիտի հարել բլենդերով մինչեւ ստացվի համասեռ զանգված։
Ապա պատրաստի հումուսը դնում ենք ափսեի վրա, կենտրոնում անում մի փոքրիկ փոսիկ, որտեղ լցնում ենք 25 գրամ ձիթայուղ: Ձևավորում ենք պատրաստի հումուսը և մատուցում։
Միշտ հիշե՛ք․ պահքի ընթացքում հրաժարվում են ոչ միայն որոշակի կերակուրներից, այլև մոլի սովորություններից, շատախոսությունից, ստախոսությունից, հայհոյանքից և այլ մեղքերից: Կերակրից հրաժարվելն առանց մեղքից հետ կանգնելու` անիմաստ ու անօգուտ է, որովհետեւ «սատանան միշտ պահքի մեջ է, ոչինչ չի ուտում, բայց մեղք գործելուց չի դադարում եւ չի հոգնում» (Սուրբ Գրիգոր Տաթեւացի):
Միշտ հիշե՛ք․ պահք պահում ենք մենք մեզ համար, մեր մեղքերից, վատ սովորություններից ազատվելու համար, այլ ոչ ցուցադրության համար։ Մատթեոս 6։16-18-ում գրված է․ «Երբ ծոմ պահեք, տրտմերես մի լինեք կեղծավորների նման, որոնք իրենց երեսներն այլանդակում են, որպեսզի մարդկանց այնպես երևան, թե ծոմ են պահում, ճշմարիտ եմ ասում ձեզ, այդ իսկ է նրանց վարձը, այսինքն` մարդկանց երևալը և նրանցից գովվելը: Այլ երբ դու ծոմ պահես, օծի քո գլուխը և լվա քո երեսը, որպեսզի չերևաս մարդկանց ծոմ պահող, այլ քո Հորը, գաղտնաբար, և քո հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կհատուցի քեզ»:
Նանիկ Աղասյան





























