Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փաստացի սկսել է «Երրորդ համաշխարհային պատերազմը», և նրան կանգնեցնելու միակ ճանապարհը ուժեղացված ռազմական և տնտեսական ճնշումն է։
BBC-ին տված հարցազրույցում Զելենսկին ընդգծել է, որ Ուկրաինան չի պատրաստվում զիջել ռազմավարական նշանակության տարածքներ՝ հանուն հրադադարի։ Նրա խոսքով՝ ռուսական կողմի պահանջը, որով Ուկրաինան պետք է հրաժարվի Դոնեցկի մարզի այն 20 տոկոսից, որը դեռևս իր վերահսկողության տակ է պահում, ինչպես նաև հարավային Խերսոնի և Զապորոժիեի շրջանների մի շարք տարածքներից, անընդունելի է։
«Ես դրան այլ կերպ եմ նայում։ Խոսքը պարզապես հողի մասին չէ։ Դա նշանակում է թուլացնել մեր դիրքերը և լքել հարյուր հազարավոր մեր քաղաքացիներին, ովքեր այնտեղ են ապրում։ Այդպիսի ‘նահանջը’ կմասնատի մեր հասարակությունը», — նշել է Զելենսկին։
Նա հավելել է, որ նման քայլը կարող է ժամանակավորապես բավարարել Պուտինին, սակայն, ըստ նրա, դա կլինի ընդամենը կարճ դադար։ «Նրան դադար է պետք։ Մեր եվրոպացի գործընկերների գնահատմամբ՝ դա կարող է տևել երեքից հինգ տարի։ Իմ կարծիքով՝ նույնիսկ ավելի քիչ՝ առավելագույնը երկու տարի։ Իսկ հետո ո՞ւր կշարժվի նա՝ մենք չգիտենք, բայց որ կցանկանա շարունակել պատերազմը, դա փաստ է», — ասել է Ուկրաինայի նախագահը։
Զելենսկին համոզմունք է հայտնել, որ Ուկրաինան, չնայած մարտահրավերներին, ի վերջո կհաղթի պատերազմում և չի համաձայնի իր տարածքային ամբողջականության հաշվին ձեռք բերված հրադադարի։
Թարգմանությունը՝ Անի Վարդանյանի



























