Եվրոպական միությունը չի կարողացել ապահովել ԱՄՆ-ի և «Մեծ յոթնյակի» (G7) երկրների աջակցությունը՝ ռուսական նավթի մատակարարումները համատեղ արգելափակելու նպատակով նախատեսված հակառուսական պատժամիջոցների 20-րդ փաթեթի շրջանակում։ Այս մասին Բրյուսելում դիվանագիտական աղբյուրը հայտնել է TASS գործակալությանը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ԵՄ-ն ԱՄՆ-ին և G7 երկրներին ներկայացրել է առաջարկ՝ ամբողջությամբ արգելել եվրոպական ընկերություններին ռուսական նավթի փոխադրումը, ինչպես նաև ռուսական նավթ տեղափոխող լցանավերին սպասարկման, մատակարարման, ֆինանսավորման և ապահովագրության ծառայությունների տրամադրումը՝ անկախ նրանից, թե ինչ դրոշի տակ են դրանք նավարկում։
Եվրահանձնաժողովը գործընկերներին կոչ է արել նմանատիպ սահմանափակումներ կիրառել նաև իրենց ընկերությունների նկատմամբ, սակայն ԱՄՆ-ը հրաժարվել է աջակցել նախաձեռնությանը։
Դիվանագետը հավելել է, որ չի բացառվում, որ Վաշինգտոնը հետագայում սեփական միջոցներ ձեռնարկի՝ իր պայմաններով և իր ժամանակացույցով։
Մյուս G7 երկրները, ըստ աղբյուրի, նշել են, որ տեսականորեն հնարավոր է միանալ ԵՄ պատժամիջոցներին, սակայն հստակ պարտավորություններ չեն ստանձնել։
Թարգմանությունը՝ Անի Վարդանյանի





























