Այսօր «Իզմիրլյան» ԲԿ-ից ժամը 15։00-ին դուրս է գրվելու քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանը եւ Պրոբացիայի ծառայության կողմից տեղափոխվելու է իր բնակության հասցե՝ տնային կալանքի կրումը շարունակելու։ Այս մասին իր ֆբ-յան էջով հայտնեց փաստաբան, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
Antifake․am-ի խմբագրությունից էլ մեզ տեղեկացրեցին, որ Նարեկն այս պահին իրեն լավ է զգում, իհարկե, դեռ ցավազրկողներ ընդունում է, բայց այդ ամենից չի ընկճվում։
Հիշեցնենք, որ քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանը վիրահատվել է փետրվարի 9-ին։
Մենք նաեւ հետաքրքվեցինք Antifake․am-ի մյուս աշխատակից ու քաղբանտարկյալ Վազգեն Սաղաթելյանի վերաբերվող գործի ընթացքից ու նրա որպիսությունից։ Մեր հարցին ի պատասխան՝ խմբագրությունից հայտնեցին․
«Վազգենը ամուր է, լավ է իրեն զգում։ Նարեկից է անընդհատ հարցնում, անհանգիստ է։ Իր մասին միշտ ասում է, որ լավ է։ Վազգենը բնույթով ուժեղ է եւ երբեք չի բողոքի»։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ին դիմակավորված ուժայինները առավոտյան խուզարկություններ սկսեցին «Իմնեմնիմի» հաղորդաշարի հեղինակներ Վազգեն Սաղաթելյանի եւ Նարեկ Սամսոնյանի տներ եւ ձերբակալեցին նրանց։ Խուզարկություն իրականացվեց նաեւ Antifake.am-ի գրասենյակում, առգրավվեց ողջ տեխնիկան։
Նարեկ Սամսոնյանի եւ Վազգեն Սաղաթելյանի դեմ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի վիրավորանքին վիրավորանքով պատասխանելու համար։ Նրանք մեղադրվում են «Խուլիգանություն՝ հաղորդակցման միջոցների օգտագործմամբ» հոդվածի հատկանիշներով։ Ավելի ուշ նրանք երկուսն էլ կալանավորվեցին։ Այժմ Նարեկ Սամսոնյանը գտնվում է տնային կալանքում, իսկ Վազգեն Սաղաթելյանը՝ ՔԿՀ-ում։
Նանիկ Աղասյան





























