Հերմինե Նաղդալյանի և նրա ամուսնու կողմից թալանված բնակիչները վճռական են տրամադրված

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 28-ին Նորաշեն-2007 սպառողական կոոպերատիվը սնանկ է ճանաչվել` առանց բնակիչների և կոոպերատիվի ձերբակալված նախագահ Արմեն Թադևոսյանի իմացության: Որոշումը կայացվել է Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Արթուր Սմբատյանի նախագահությամբ:

Հիշեցնենք, որ  «Նորաշեն 2007»-ը 2007-2011թթ. ընթացքում բազմաթիվ քաղաքացիների հետ կնքել է բնակարանների նախնական և նախավճարի պայմանագրեր, գանձել 1.843.379.449 դրամ գումար և հափշտակել: Այս պատմության մեջ շրջանառվում է նաև ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանի ամուսնու` Պետեկամուտների կոմիտեի տարածքային հարկային տեսչության նախկին պետ Դավիթ Բեգլարյանի, ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի ազգականի` Ռազմիկ Ավագյանի անունը:

Կոոպերատիվի նախագահ Արմեն Թադևոսյանը սնանկացման որոշման մասին իմացել է կալանավայրում` երկուսից երեք շաբաթ հետո:

Նորաշեն 2007-ի քրեական դատավարության ժամանակ գլխավոր դատախազության դատախազ Երիցյանը հայտնեց, որ դատավոր Սմբատյանն իրավունք չուներ նման որոշում ընդունել, քանի դեռ դատավարությունն ընթացքի մեջ է:

Դատավորն էլ իր հերթին հայտարարեց, որ Վճռաբեկ դատարանից են իրեն կարգադրել սնանկ ճանաչել կոոպերատիվը, չնայած` հաշվված օրեր էին մնում չորրորդ տարին թևակոխած քրեադատավարական գործընթացի ավարտին:

Դատավոր Սմբատյանը հարցի շուրջ իրենց բողոքի ալիքը բարձրացրած ժողովրդին ասաց, որ վերևից իրեն ասել են, թե «խաղու՞մ ես հարկայինի հետ»:

Հիշեցնենք, որ սպառողական կոոպերատիվի նախագահ Արմեն Թադևոսյանը և նրա գործընկեր Լուսաբեկ Սամվելյանը բնակարանները ձևական առուվաճառքի պայմանագրով տոկոսով գումարի դիմաց գրավադրել էին վաշխառուների մոտ, որպեսզի հետագայում նրանց փողերը տոկոսի հետ միասին հանձնելուց հետո բնակարանները վերադարձնեն իրական տերերին:

Այդ ձևական առուվաճառքի պայմանագրերը մեջտեղ բերելով` Հայաստանի հարկային կոմիտեի իրավաբանական վարչության նախկին պետ Ռազմիկ Ավագյանը, ով ևս վաշխառություն է արել` 4 արտասահմանյան մեքենաներ տալով սպառողական կոոպերատիվի նախագահին, ինչի մասին բազմիցս նշել ենք, և վերջին ավտոմեքենան տալուց հետո չի հասցրել գումարը վերցնել Թադևոսյանից և գրավադրած բնակարանը վերադարձնել, զայրանում է և կեղծ առուվաճառքի գործարքների հիման վրա 137 միլիոն դրամով տուգանում է սպառողական կոոպերատիվին` իմանալով հանդերձ, որ կոոպերատիվն ի վիճակի չէ վճարել, քանի որ ղեկավարներն արդեն 4 տարի է` ձերբակալված են:

Հետագայում ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանն ու նրա ամուսինը, Ռազմիկ Ավագյանը և այլ բարձրաստիճան վաշխառուներ` նկատելով, որ քրեական դատարավարությունում օրեցօր նոր բացահայտումներ են կատարվում` ուղղված իրենց և մյուս վաշխառուների դեմ, միաժամանակ գիտակցելով, որ գործը կարող է դուրս գալ իրենց վերահսկողությունից` դատավոր Սմբատյանից պահանջում են սնանկ ճանաչել Նորաշեն-2007 սպառողական կոոպերատիվը:

Ստացվում է, որ դատավոր Արթուր Սմբատյանը կատարել է Հայաստանի հարկայինի վաշխառու ղեկավարների պատվերը:

30 բնակիչների առջև դատավոր Սմբատյանը հայտարարեց, որ Վճռաբեկ դատարանից են իրեն կարգադրել սնանկացման վճիռը կայացնել:

Մեկ տարի առաջ, երբ կարգադրվել էր կոոպերատիվը սնանկ ճանաչել, Սմբատյանը բնակիչներին խոստացել էր մինչև դատավարության ավարտը նման որոշում չկայացնել:

Նշենք, որ 2013 թվականի նոյեմբերին նշված մարդիկ գործով նշանակված առաջին դատավոր Ռշտունուն ուղարկում են Կոտայքի մարզի դատարան, այն դեպքում, երբ գործի ավարտին հաշվված օրեր էին մնացել: Թերևս, դատավոր Ռշտունու սկզբունքները` բարեխղճորեն լուծելու բնակիչների առջև ծառացած  խնդիրները, այնքան էլ Հերմինե Նաղդալյանի և նրա  ամուսնու` Դավիթ Բեգլարյանի սրտով չէր:

Նիստից հետո տուժած բնակիչներն Armlur.am-ին հայտնեցին, որ վճռական են տրամադրված, գնալու են մինչև վերջ: Նրանց փոխանցմամբ` երկուշաբթի օրը իրենք բողոքի ակցիա են կազմակերպելու նախագահական նստավայրի մոտ:

«Զույգ զինվորներից բնակարաններ հափշտակելով կամ բանակից հաշմանդամ վերադարձած զինվորի ընտանիքի բնակարանը վաշխառությամբ տանելով (Սաշա Գյոզալյան)` պետություն կամ հայրենի՞ք են ցանկանում կառուցել: Իսկ հետո էլ զոհվածների հուշարձանների առջև տխուր գլուխ են խոնարհում: Ինչո՞վ են նրանք տարբերվում թուրքերից` ներկայիս Հայաստանում կատարելով սպիտակ ցեղասպանություն`  հայ ժողովրդի նկատմամբ: Մի՞թե ՀՀ նախագահն այնքան ուժ չուներ, որպեսզի կարողանար 4  տարվա ընթացքում կարգադրեր իր վաշխառու գործընկերներին` վերադարձնել ժողովրդից հափշտակած բնակարանները: Եթե նա այդքան թույլ է, ապա նման նախագահ Հայաստանին և հայ ժողովրդին պետք չէ»,- վճռական տրամադրված` ասացին հավաքված բնակիչները:

Տեղեկացնենք նաև, որ քիչ առաջ դատավոր Արթուր Սմբատյանին Արդարադատության խորհրդի կողմից նախազգուշացում է հայտարարվել:

Տաթև Հարությունյան

 




Լրահոս