Վերջին օրերին կրկին թարմացվեց մարտի 1-ի թեման: Դրան նպաստեցին նախ` մարտի 1-ի գործով քննչական խմբի նոր ղեկավարի նշանակումը, ապա կառավարության կողմից զոհերի ընտանիքներին դրամական փոխհատուցում տալու` «Ժառանգության» առաջարկի մերժումը: Երեկ էլ ասուլիս էին հրավիրել քննչական խմբի նախկին եւ նորանշանակ ղեկավարները` հանրությանը հերթական անգամ ասելու, որ ասելիք չունեն:
Ի սկզբանե հենց իշխանության համար քաղաքական մահակ հանդիսացող այս հարցը Սերժ Սարգսյանի վարչակարգի կողմից եվրոպական կառույցների հետ տարված «արդյունավետ» աշխատանքի արդյունքում վերածվեց ընդդիմության տրամադրությունները մանիպուլացնելու գործիքի: Այդ կիրառությունը մենք տեսանք անցած մայիսին, երբ Սերժ Սարգսյանը հանձնարարեց թարմացնել գործի քննությունը: Հիշեցնենք, որ այդ փուլում ՀԱԿ-ը բավական ուժեղ դիրքերում էր` չնայած ռեժիմի բոլոր ջանքերին, անցկացվող հանրահավաքներն աննախադեպ մարդաշատ էին, իսկ ՀԱԿ- ի հետեւորդներն էլ` 2008-ից հետո առավել քան երբեւէ` վճռական: Եվ ահա Սերժ Սարգսյանը ձեւացրեց, թե կատարում է ՀԱԿ-ի` մարտի 1-ի արդար քննության պահանջը եւ բացեց իր իսկ ձեռամբ փակված էջը` այդպիսով ոչ միայն ժամանակ, այլեւ համապատասխան դիվիդենտներ շահելով: Թե ինչ եղավ հետո, գիտենք բոլորս: Աստիճանաբար` ամենշաբաթյա ոչինչ չասող ասուլիսներով, խնդրի շուրջ հանրային հետաքրքրությունը գրեթե սպառելուց հետո քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը պարգեւատրվեց «լավ աշխատանքի» համար` նշանակվելով ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերով վարչության պետ: Այս փաստն ինքնին արդեն խոսուն ապացույցն է այն բանի, որ Սերժ Սարգսյանը, գոնե այս փուլում, մարտի 1-ի թեմայից չի վախենում: Հակառակ դեպքում, զգուշանալով հանրային դժգոհությունից, նա թույլ չէր տա մինչ օրս գործը չբացահայտած քննչական խմբի ղեկավարին առավել բարձր պաշտոնի նշանակել:
Ի դեպ, այս կապակցությամբ Վահագն Հարությունյանը երեկ ասել է. «Բացի թերություններից, պետք է տեսնել նաեւ քննության ձեռքբերումը, հիշել ավանդի մասին, որ քննչական խմբի անդամները ներդրել են գործի բացահայտման մեջ»: Անհասկանալի է, թե ինչ ձեռքբերման մասին է խոսում Հարությունյանը: Որեւէ գործի քննության միակ ձեռքբերումը բացահայտումն է: Մինչդեռ այս դեպքում 10 սպանություններից եւ ոչ մեկի կատարողը բացահայտված չէ: Հետեւաբար, ի՞նչ ձեռքբերման կամ ավանդի մասին է իրեն թույլ տալիս խոսել քննչական խմբի նախկին ղեկավարը: Սա, մեղմ ասած, ուղղակի ցինիզմ է, որը, վստահաբար, խրախուսվում է Հարությունյանին առավել բարձր պաշտոնի նշանակողի կողմից: Պակաս տարակուսելի չէ նաեւ քննչական խմբի նորանշանակ ղեկավարի` Վաղինակ Ջանազյանի հայտարարությունը, թե առաջիկա օրերին մարտի 1-ի գործի ընթացքի վերաբերյալ զեկույց կհրապարակվի: Պարոնա՛յք քննիչներ, ո՞ւմ է պետք ձեր զեկույցը, հանրությունը ձեզանից ոչ թե զեկույցներ, այլ կոնկրետ մարդասպանների անուններն է ակնկալում:
ՑԻՆԻԶՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ