Իրանի Իսլամական Հանրապետության բանակի գլխավոր հրամանատար Ամիր Հաթամին հայտարարել է, որ երկրի զինված ուժերը շարունակելու են պաշտպանել Իրանի անկախությունը, տարածքային ամբողջականությունն ու քաղաքական համակարգը «մինչև վերջին շունչը»։
Նա այս մասին հայտնել է բանակի հրամանատարաշտաբային քոլեջի ավարտական հանդիսավոր արարողության ժամանակ՝ անդրադառնալով երկրի առջև ծառացած անվտանգության մարտահրավերներին։ Հաթամին ընդգծել է, որ ներկայիս փոփոխվող միջավայրում զինված ուժերի դերը վճռորոշ է՝ հատկապես հիբրիդային պատերազմի և ռազմավարական ճնշումների պայմաններում։
Գլխավոր հրամանատարի խոսքով՝ վերջին շրջանում Իրանի դեմ ուղղված թշնամական քայլերը, որոնք նպատակ ունեին վնասել երկրին և նրա պետական համակարգին, բազմիցս ձախողվել են։ Նա նշել է, որ նման փորձերը միայն ավելացնում են բանակի պատասխանատվությունը։
Անդրադառնալով որոշ երկրների «անպարտելիության» մասին հայտարարություններին՝ Հաթամին դրանք որակել է անհիմն՝ որպես օրինակ նշելով Վիետնամում, Աֆղանստանում և Իրաքում տեղի ունեցած պատերազմները, որոնք, նրա գնահատմամբ, ավարտվել են արտաքին ուժերի անհաջողությամբ։ Նրա խոսքով՝ արտաքին ուժերը ներխուժում են սպառնալիքներով ու ճնշումներով, սակայն ի վերջո ստիպված են լինում նահանջել։
Նա ներկայիս սպառնալիքները բնութագրել է որպես լայնածավալ «հիբրիդային պատերազմ», որը ներառում է քաղաքական, տնտեսական, սոցիալական, ռազմական, հոգեբանական և ճանաչողական ոլորտները։ Հաթամին ընդգծել է, որ նման մարտահրավերներին դիմակայելու հիմնական պայմանը իրազեկվածությունն ու հակառակորդի նպատակների ճշգրիտ ըմբռնումն է։
Բացի այդ, նա նախազգուշացրել է «ռազմավարական մաշեցման» քաղաքականության մասին՝ պնդելով, որ հակառակորդները փորձում են երկարաժամկետ ճնշումների միջոցով աստիճանաբար թուլացնել Իրանին։ Այնուամենայնիվ, նա վստահություն է հայտնել, որ այդ ծրագրերը չեն հաջողի։
Ելույթի ավարտին Ամիր Հաթամին վերահաստատել է, որ Իրանի զինված ուժերը հավատարիմ են նահատակների ժառանգությանը և շարունակելու են պաշտպանել երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը մինչև վերջին շունչը։
Հեղինակ՝ Անի Վարդանյան

























































































