Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նախարարին քննադատելու համար բժիշկի են ազատել աշխատանքից. բացառիկ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ArmLur.am-ին առողջապահության նախարարությանը մոտ կանգնած աղբյուրներից հայտնի է դարձել, որ Առողջապահության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրումից հետո ոլորտում առկա դժգոհությունները փորձ է արվում լռեցնել բժիշկներին՝ աշխատանքից ազատելու միջոցով։

ArmLur.am-ի տեղեկություններով՝ արդեն մի քանի բժշկական հաստատություններում անցկացվել են փակ ժողովներ, որոնց ընթացքում բժիշկներին զգուշացվել է, որ համակարգի ներդրման հետևանքով, թեև նրանց աշխատավարձերը կրճատվելու են, սակայն որևէ պարագայում չպետք է բողոքեն կամ հրապարակային դժգոհություն հայտնեն։ Ըստ նույն աղբյուրների՝ բուժանձնակազմին հորդորել են «հարմարվել նոր պայմաններին» և խուսափել հատկապես սոցիալական հարթակներում քննադատական գրառումներից։

Հատկանշական է, որ եղել են բժիշկներ, որոնք ֆեյսբուքյան հարթակներում հրապարակայնորեն քննադատել են նախարարի նախաձեռնած ապահովագրական համակարգը։ ArmLur.am-ի մեր տեղեկություններով, քննադատությանը ականջալուր լինելու փոխարեն նրանց պարզապես ազատել են աշխատանքից։ Կան նաև բուժհաստատություններ, որտեղ քննադատող բժիշկներին տրվել են նկատողություններ։
Խնդրի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու նպատակով ArmLur.am-ը դիմեց ՀՀ առողջապահության նախարարություն՝ հետաքրքրվելով, թե ինչու է նախարարը հրահանգում բուժհաստատությունների տնօրեններին՝ իրեն քննադատող բժիշկներին ազատել աշխատանքից։ Մասնավորապես, հարցը հասցեագրվել էր նախարար Անահիտ Ավանեսյանի խոսնակ Մարիամ Ծատրյանին։

Ի պատասխան նախարարությունից ArmLur.am-ին փոխանցեցին հետևյալը․

«Որևէ ժողովի և դրա բովանդակության մասին տեղեկատվության չեմ տիրապետում: Բժշկական որևէ կենտրոնի հրահանագ, պարտադրանք կամ ինչպես դուք նշեցիք «տեռորի» չենք ենթարկել: Եվ առհասարակ բուժհաստատութունների հետ ունենք գործընկերային հարաբերություններ և փոխադարձ կոնստրուկտիվ մոտեցում: Դուք ինքներդ եք տեսնում, թե որքան բաց և հրապարակային ենք ներկայացնում ապահովագրության ծրագիրը` այդ թվում սոցիալական էջերում ենք ակտիվ: Եվ խնդիր չենք տեսնում, երբ մեզ քննադատում կամ հակադրվում են: Ինչ վերաբերում է բժշկի աշխատանքից ազատվելուն, ապա հասցեատերը նախարարությունը չէ, այստեղ արդեն գործատու-աշխատակից հարաբերություններ են և իմ մեկնաբանելու տիրույթի հարց չէ»։

Փաստորեն, նախարարությունը չի հերքում բժիշկների աշխատանքից ազատման փաստը՝ շեշտադրելով, որ դա նախարարության իրավասությունից դուրս՝ գործատու-աշխատակից հարաբերությունների շրջանակում է։

ArmLur.am-ը անուններով գիտի աշխատանքից ազատված և նկատողություն ստացած բժիշկների տվյալները, ինչպես նաև համապատասխան բուժհաստատությունների անունները։ Սակայն այս փուլում դրանք չենք հանրայնացնում՝ բժշկական համայնքը լրացուցիչ թիրախավորման չենթարկելու նպատակով։

Այնուամենայնիվ, եթե շարունակվեն հիպոկրատի երդում տված մասնագետների նկատմամբ այս ճնշումները, խմբագրությունը անունները կհրապարակի։

Սոնա Գրիգորյան

Մանրամասերը՝ տեսանյութում․




Լրահոս