Փետրվարի 23-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի բարձրաստիճան հատվածին և հանդես է եկել ելույթով։
Նա նախ շնորհավորել է Մարդու իրավունքների խորհրդի նախագահին և բյուրոյի անդամներին՝ ընտրվելու կապակցությամբ։ Ապա ելույթում շոշափել է մի քանի թեմաներ, ներառյալ՝ Հայաստան-ՄԱԿ հարաբերություններ, «հիբրիդային սպառնալիքների ալիքներ», միջազգային իրավունքների խախտումների հանդեպ Հայաստանի մոտեցումը, և Հայաստան-Ադրբեջան հակամարտությունը։
Վերջինիս վերաբերյալ նախարարը նշել է․ «Տասնամյակներ տևած զինված հակամարտություններից և մարդասիրական ճգնաժամերից հետո Հայաստանը և Ադրբեջանը վճռական քայլեր ձեռնարկեցին մեր տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հաստատման ուղղությամբ։ Անցյալ տարի Վաշինգտոնում կայացած Խաղաղության գագաթաժողովը ոչ միայն խաղաղություն հաստատեց երկու երկրների միջև, այլև ճանապարհ հարթեց առևտրի, փոխկապակցվածության և մարդկանց միջև շփումների համար։ Այս ուղին կառավարությունների միջև ձեռք բերված համաձայնություններից անդին տանելու նպատակով մենք նաև սերմանում ենք մեր հասարակությունների, այդ թվում՝ տուժած բնակչության միջև իրական երկխոսության և վստահության հիմքերը»։
Նկատենք, որ Բաքվում պահվող հայ գերիների մասին խոսելիս նախարարը խուսափել է օգտագործել «գերի» և «պատանդ» եզրույթները։
«Սա, անշուշտ, բարդ գործընթաց է՝ հաշվի առնելով, որ 19 հայ պահվող անձինք դեռևս գտնվում են Բաքվում, առկա է անհայտ կորած անձանց ճակատագրերի պարզաբանման և բռնի անհետացումների դեպքերի բացահայտման անհրաժեշտություն, և միաժամանակ տարածվում են խեղաթյուրված պատմական նարատիվներ»։
Եզրափակելով՝ նախարարն ընդգծել է․
«Չնայած բազմակողմ ինստիտուտների վրա առկա ահռելի ճնշմանը, մենք պետք է շարունակենք մնալ սկզբունքային լավատեսության կրողներ և հայտնենք մեր խորին համոզմունքը, որ մարդու իրավունքների համակարգը և Միավորված ազգերի կազմակերպությունն ինքնին այս գործընթացից դուրս կգան նորացված կարողություններով՝ միտված իրենց գլոբալ մանդատի իրականացմանը»:

























































































