Գնդեվազցիները «նիսյայով» են հացը գնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վայոց Ձորի հնագույն բնակավայրերից մեկը` Գնդեվազը, մայրաքաղաք Երեւանից գտնվում է 163 կմ հեռավորության վրա:  Ջերմուկ քաղաքին հարակից,  ոչ բարձր լեռների շուրջ  ծվարած գյուղը Հայաստանի մյուս համայնքների նման դատարկվում է: Գնդեվազ այցելած «Ժողովուրդ»-ի լրագրողը նկատեց, որ գյուղի փողոցները դատարկ են, իսկ նրանք, ովքեր մնացել են, հիմնականում ծերեր են:

Գնդեվազցի  տիկին Զարուհին, ով գյուղի խանութներից մեկում որպես վաճառող է աշխատում, խոսելով գյուղացիների առօրյայից, ցավով նկատեց, որ գնդեվազցիների գերակշիռ մասը խանութից ապառիկ տարբերակով է գնումներ կատարում:  Նրանք գնում են միայն առաջին անհրաժեշտության ապրանքներ` հաց, մակարոն, ձեթ, ծխախոտ, սուրճ, շաքարավազ:

«Նիսյայի մասին մի խոսի: Ամիսներ շարունակ պարտք են մնում, մարդ էլ կա` տարիներով չի կարողանում փակել կուտակած պարտքերը: Մենք էլ վնասով ենք աշխատում: Մարդիկ կան, ովքեր հացն էլ են պարտքով վերցնում: Որ նայում եմ էս թվերին լացս է գալիս: Ի՞նչ անես: Գալիս են հաց են խնդրում, ո՞նց չտաս»,- հոգոց հանելով ասաց  տիկին Զարուհին` թերթելով 2013 թվականի «նիսյայի» տետրը: Նա նաեւ նշեց, որ ՙնիսյայի տետրերը՚  անընդմեջ ավելանում են ու ավելանում:

«Ես գիտեմ, որ էդ մարդու տուն մի կոպեկ գումար չի մտնում, ինչպե՞ս գնամ պահանջեմ, որ տան: Տասը մատիս պես բոլորին գիտեմ, ճանաչում եմ: Ոնց են ասում` մի տանից չենք, բայց մի հալի ենք»,- տխուր հայացքով ասաց տիկինը:

Իսկ ահա Գնդեվազի համայնքապետ Հայրապետ Մկրտչյանը մեզ հետ զրույցում փորձեց հերքել ներկայացված պատկերը` հավաստիացնելով, թե գյուղում չկա նման մարդ, որն անաշխատունակ ու անվճարունակ լինի. «Ուղղակի լինում է, որ խանութից նիսյա վերցնում են, բայց հետո բերում ու մարում են այն»:

Նրա խոսքով՝ գնդեվազցու եկամտի աղբյուրն անմիջական կապ ունի Ջերմուկ քաղաքում գործող հանգստյան տների հետ, քանի որ բնակիչներն այնտեղ են աշխատում: Վերջին տարիներին գյուղացիներն անասնապահությամբ սկսել են քիչ զբաղվել, քանի որ այն այլեւս եկամտաբեր չէ: Արդյունավետ է ծիրան աճեցնելը: Սակայն այստեղ նույնպես խնդիր կա` մարդիկ չգիտեն, թե ինչպես այն իրացնեն:

Գյուղապետը ափսոսանքով ասաց, որ սրանից երկու-երեք տարի առաջ գյուղից եւ ոչ ոք չի մեկնել Ռուսաստանի Դաշնություն արտագնա աշխատանքի, սակայն վերջերս կտրուկ ավելացել է  նրանց թիվը: «Բանակից գալիս են, գումարից խեղճանում ու գնում են: Իսկ թոշակառուներն էլ հազիվ են կարողանում իրենց թոշակով գոյություն պահպանել»,- ներկայացրեց համայնքապետը:

Զրույցի ընթացքում տեղեկացանք, որ գյուղը գազաֆիկացված է: Սակայն գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումից հետո կտրուկ նվազել է նաեւ գազ սպառողների թիվը:

0171Գները բարձրանալուց հետո գյուղից ոչ ոք չօգտվեց գազից: Բոլորն էլ ձմռանը տաքացել են փայտի եւ աթարի վառարանի միջոցով: Մարդիկ տնտեսում են, խուսափում են օգտվել էլեկտրաէներգիայի եւ գազի ծառայություններից»,- տեղեկացրեց համայնքապետը:

Գնդեվազի բնակիչները «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեցին, որ գյուղում  հրատապ լուծման կարիք ունի խմելու ջրի հարցը. «Մտի բոլորի տներն ու տես, որ մի կաթիլ ջուր չունեն: Մարդ չի էլ կարողանում նորմալ լվացվել»,- բողոքեցին գյուղացիները:

Սակայն Հայրապետ Մկրտչյանն այլ պատկեր ներկայացրեց` հայտարարելով. «Մենք երբեւէ ջրի խնդիր չենք ունեցել, ուղղակի այս տարի սարում վթար է եղել, որի պատճառով խողովակը պայթել է: Դրա համար էլ հիմա մարդկանց դեռ ժամով ենք տալիս ջուրը, մինչեւ եղանակները տաքանան, որպեսզի խողովակը վերանորոգենք»:

Մեր զրույցի ավարտին համայնքապետը  ցավով ասաց, որ վերջին տարիներին գյուղը դատարկվում է. «Չե՞ք նկատում, գյուղում շարժ չկա: Ծխամատյանով որ նայում ես՝ 1000-ից ավելի բնակիչ ունենք: Շատ լավ համայնք էր, եռուզեռ կար, ուժեղ զարգանում էր: Բայց այս տարի սեպտեմբերի 1-ին առաջին դասարանի մի աշակերտ ունենք: Այս պահին ունենք 100 աշակերտ, մինչդեռ նախկինում դա կազմում էր ավելի քան 300: Շատ լավ պայմաններով մանկապարտեզ կա գյուղում, բայց երեխա չունենք, ընդամենը` 18 երեխա»:

«Ժողովուրդ»-ի  հարցին` չե՞ն ամուսնանում երիտասարդները, համայնքապետը  պատասխանեց. «Ամուսնանում են, բայց այստեղ չեն մնում: Եթե իմանան, որ հողագործությունից կամ անասնապահությունից եկամուտ կունենան, ապա կմնան, չեն գնա: Գերադասում են գնալ եւ մայրաքաղաքում բանվորություն անել, քան այստեղ` սոված մնալ: Այսօր համայնքները դարձել են ծերանոցներ»:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս