Ժամանակակից երաժշտության փառատոնի բացման համերգի ընթացքում տեղի ունեցավ Վիգ Զարթմանի Դաշնամուրի կոնցերտի համաշխարհային պրեմիերան։ Ստեղծագործությունն ունկնդրին ներկայացրին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և անվանի դաշնակահար Աշոտ Խաչատուրյանը։
Վիգ Զարթմանը, ով Հայաստանում հայտնի է իր “God Bless Armenia” ստեղծագործությամբ, ընդգծում է, որ շատ ուրախ է և հպարտ, որ ստեղծագործության պրեմիերան տեղի ունեցավ Երևանում։ Վիգ Զարթմանը կարևորում է փառատոնի դերը ժամանակակից կոմպոզիտորների կյանքում, քանի որ երաժշտական այս նախաձեռնությունը հնարավորություն է տալիս մեր օրերում արարող հեղինակներին լսելի դարձնել իրենց ստեղծագործությունները Հայաստանում և արտերկրում։
Դաշնակահար Աշոտ Խաչատուրյանն առաջին անգամ է մասնակցում Ժամանակակից երաժշտության փառատոնին։ Ըստ դաշնակահարի՝ փառատոնի միջոցով ունկնդիրը հնարավորություն է ստանում լսելու նոր հնչյուններ, երաժշտական նոր մտածողություն պարունակող ստեղծագործություններ։
Փառատոնի բացման համերգի ընթացքում հնչեց նաև Ալեքսանդր Աճեմյանի Տոնական նախերգանքը։ Ի նշանավորումն Ջոն Տեր-Թադևոսյանի 100-ամյա հոբելյանի՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կատարեց կոմպոզիտորի 4-րդ սիմֆոնիան, որը տասնամյակներ շարունակ չէր հնչել հայկական բեմում։
Համերգն ուղիղ հեռարձակվում էր՝ հասանելի դառնալով բազմաթիվ ունկնդիրների։
Փառատոնի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանի խոսքով՝ փառատոնի նպատակը հայ կոմպոզիտորական ժառանգությունը պահպանելն ու հանրահռչակելն է։ «Հայաստանում ապրում և ստեղծագործում են կոմպոզիտորներ, որոնց անպայման պետք է լսի ամբողջ աշխարհը, այդ նպատակով էլ հիմնադրվեց այս փառատոնը։ Մեր կոմպոզիտորական դպրոցը շատ ինքնատիպ է, և այս հարթակը համախմբում ու ներկայացնում է Հայաստանի, սփյուռքի ու արտասահմանցի կոմպոզիտորների ժամանակակից, ինքնատիպ, հետաքրքիր ու բարձր գեղարվեստականություն ունեցող երաժշտությունը»,- ասում է Սերգեյ Սմբատյանը։
Ժամանակակից երաժշտության փառատոնը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն անցկացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Կոմպոզիտորների միության հետ համատեղ։ Փառատոնի ռազմավարական գործընկեր GTB Holdings ընկերության աջակցությամբ “Universal Edition” խոշոր հրատարակչական հարթակը կսկսի հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների հրատարակումը՝ լուծելով հայ կոմպոզիտորների ստեղծագործական ժառանգության պահպանման հարցը և նպաստելով դրանց հանրահռչակմանը միջազգային տիրույթում։ “Universal Edition” հրատարակչական հարթակից օգտվում են աշխարհի բոլոր նվագախմբերն ու մենակատարները՝ ընտրելու ստեղծագործություններ համերգաշրջանների և համերգների համար։ Համագործակցությունը նոր էջ է բացում մեր կոմպոզիտորների համար, որի արդյունքում ժամանակակից ավտոմատ համակարգով պաշտպանվում են կոմպոզիտորների հեղինակային և գույքային իրավունքները։
Հայաստանի պետական սիմֆոնին նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբաբյանի տեղեկացմամբ՝ փառատոնի շրջանակներում GTB Holdings-ի հետ համագործակցության շնորհիվ թվայնացվում են հայ կոմպոզիտորների սիմֆոնիկ ստեղծագործությունները, որը հայ կոմպոզիտորական ժառանգության պահպանման առաջնային և ամենակարևոր աշխատանքն է։ Թվայնացման արդյունքում հնարավոր է դառնում մեծակտավ ստեղծագործությունները հնչեցնել եվրոպական նվագախմբերի կատարմամբ։
Ժամանակակից երաժշտության փառատոնի հաջորդ համերգը փետրվարի 23-ին է։ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի կունենա մեր ժամանակների ամենահայտնի թավջութակահարներից մեկի՝ Մարիո Բրունելլոյի մենահամերգը։ Նա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 20-րդ հոբելյանական համերգաշրջանի ռեզիդենտ արտիստն է։ Այս բացառիկ համերգին անվանի թավջութակահարը կներկայացնի իր «Բախ-Վայնբերգ» յուրօրինակ համերգային ծրագիրը։



















































































