ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Արցախյան պատերազմի մասնակից, «Հայկազունք» երաժշտական համույթի գեղարվեստական ղեկավար Գուսան Հայկազունը համոզված է, որ հարկավոր է արթնացնել ժողովրդի արիական ոգին, որ նա իրեն հպարտ զգա հայ լինելու համար, մինչդեռ դարեր շարունակ (ու նաև այսօր) կոտրում են այդ ոգին:
-Օրինակ՝ մեր եկեղեցին դարեր շարունակ իրենից հեռացրել է մեր ժողովրդին՝ համարելով, որ ով կնքված չէ, ուրեմն հայ չէ: Բայց դա ի՞նչ կապ ունի: Ես կարող է մուսուլման լինեմ, բայց շատ լավ հայ:Ինձ համար կրոնը նշանակություն չունի, կարևորն այն է, որ մարդն իրեն հայ զգա իր ապրելակերպով, ապրի հայավարի: Իհարկե, շատ ցանկալի է, որ անպայման մայրենի լեզուն իմանա, բայց կարող է նաև այնպես լինել, որ լեզուն չիմանա, բայց էլի շատ լավ, ոգով հայ լինի:
-Ըստ Ձեզ՝ հենց այդ նույն օտարված, իրենց ակունքները մոռացած հայերի ոգին արթնացնելու համար ինչպե՞ս պետք է նշվի Ցեղասպանության 100-ամյա տարելիցը:
-Ես համարում եմ, որ մենք եկող տարի ոչ թե Ցեղասպանության 100-ամյա տարելիցը պետք է նշենք, այլ պիտի նշենք, տոնենք մեր միացյալ հայրենիքի ծնունդը: Ասենք, բարձրաձայնենք, որ նպատակային գնում ենք այդ տոնին: Օրինակ՝ մի քանի ամիս առաջ ո՞վ կարող էր նույնիսկ ենթադրել, որ հզոր Ուկրաինան այս օրն է ընկնելու, բզկտվելու է: Եվ նույնկերպ ոչ ոք չի կարող ասել, թե երեք ամիս հետո Թուրքիան 100 մասի չի՞ բաժանվելու: Չգիտեմ՝ երե՞ք, հի՞նգ, թե՞ տասն ամսից է բաժանվելու, բայց հաստատ համոզված եմ, որ շատ մոտ ժամանակներս բաժանվելու է: Եվ մեր ժողովուրդը, մեր սերունդը, մեր պետությունը պիտի պատրաստ լինեն մեր հողերին տեր կանգնելուն: Ոչ թե նվաճելուն, այլ պարզապես տեր կանգնելուն, որովհետև, եթե Թուրքիան մաս-մաս եղավ, այդ մասերին տեր կանգնելու տերեր են պետք: Քրդերն իրենց մասը կվերցնեն, մենք՝ մեր, մյուսներն՝ իրենց: Պետք է կարողանանք ու պատրաստ լինենք ասելու՝ այ, այսքանը մերն է:
-Իսկ երաժշտության, երգարվեստի բնագավառում մեզ մոտ հայկական ոգին արթնացնո՞ւմ, թե՞ հակառակն ենք անում:
-Իհարկե, կան նաև ոգին բարձրացնողներ, սակայն դրանք անհատներ են, իսկ հիմնականում հակառակն է արվում:Մենք շատ հարուստ երգ-երաժշտություն ունենք, որը պահպանել է պետք:Այս 20-25 տարվա մեջ շատ բան փչացավ, օրինակ՝ մեր խնջույքներն առանց Սայաթ-Նովայի, առանց գուսանների երգերի չէին լինում, իսկ հիմա…
-Բայց ոմանք ասում են, որ նախկինում՝ ԽՍՀՄ-ի օրոք էր ազգայինը ճնշվում:
-Բոլորովին էլ այդպես չէր:Խորհրդային կարգերի ժամանակ, ինչքան էլ զուլում կար նաև, բայց ամեն դեպքում ազգայինն աճեց, պահպանվեց: Իսկ հիմա ինչպիսի՞, այսպես կոչված, երաժշտության, երգերի տակ ենք ուրախանում, քեֆ-ուրախություն անում: Կամ մեր հեռուստաընկերություններն ինչե՞ր են ցույց տալիս: Փառք Վահագնին, որ վերջին ժամանակներս որոշակի փոփոխություն կա: Իսկ երգ-երաժշտությունը փոխում է մարդուն, ոգի է տալիս, լավ երգը ժողովրդին տանում է իր հետևից, և պատահական չէ, որ թե՛ տխրության, թե՛ ուրախության պահերին, թե՛ ռազմի դաշտում մեզ միշտ երգն է ուղեկցել:
-Ո՞վ պետք է զբաղվի դրանով, շտկի դրությունը:
-Ասեմ՝ Մշակույթի նախարարությունը պետք է զբաղվի, դուք ինձ կասեք՝ ո՞ւր է, մենք Մշակույթի նախարարություն չունենք: Ես էլ եմ գտնում, որ չունենք: Պետականորեն պիտի աջակցեն, ինչը չի արվում: Մենք համերգներ ենք կազմակերպում, բայց ոչ մեկը մեզ չի օգնում: Մինչդեռ ամեն ամիս «բարձր հովանու ներքո» դրսից մի քանի խմբեր, երգիչներ են բերում, միլիոններ են ծախսում: Բայց այդ ամենն ի՞նչ է տալիս մեր ժողովրդին, մեր պետությանը: Դուք մեզ՝ ազգայինը ներկայացնողներիս, տեր կանգնեք, մենք ենք ազգի ոգին բարձրացնողը, մենք ենք հայ ազգին պետք: Իսկ այսօր շատ ծանր վիճակում ենք. համերգներ, միջոցառումներ դժվարությամբ ենք կազմակերպում, որովհետև չկան հովանավորներ, փող տվող, օգնող չկա, պետականորեն ոչ մի աջակցություն չկա: Ի դեպ, ապրիլի 22-ին՝ Եղեռնից 2 օր առաջ,«Արամ Խաչատրյան» դահլիճում մեծ համերգ է լինելու իմ խմբի և տարբեր կատարողների մասնակցությամբ, բայց այն կապ չունի ցեղասպանության հետ: Հնչելու են միայն իմ երգերը:Այն կրելու է «Մենք բոլորս պահանջատեր ենք» խորագիրը:
Հարցազրույցը՝ ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆԻ