Այսօր Մեծ Պահքի իններորդ օրն է։ Այն տեւում է 48 օր՝ Բուն Բարեկենդանից մինչեւ Սուրբ Հարության տոն (Զատիկ)։
Պահքի շրջանում օգտագործում են բացառապես բուսական ծագում ունեցող սննդամթերք:
Ուստի՝ ArmLur.am-ը Մեծ Պահքի ողջ ընթացքում կներկայացնի բուսական կերակրատեսակներ, որոնք կարելի է ուտել պահքի ժամանակ։
Ավելուկով աղցան
Աղցանը պատրաստելու համար անհրաժեշտ է չորացրած 1 կապ ավելուկ, 1 հատ սոխ, 1 ատամիկ սխտոր, բուսայուղ՝ տապակելու համար, ընկույզ՝ ըստ ճաշակի եւ աղ։
Ավելուկը թրջել, լվանալ, ջուրը փոխել եւ եփլ մինչեւ ավելուկը լավ փափկի, լցնել քամիչի մեջ, թողնել քամվի, ապա կտրատել։
Մաքրել սոխը, կտրատել եւ տապակել, երբ սոխը փափկի, ավելացնել կտրտած սխտորը, երկուսը միասին պետք է դառնան ոսկեգույն երանգի, որից հետո ավելացնել կտրատած ավելուկը։ Վերջում ավելացնել ընկույզ, համեմել աղով եւ խառնել։
Մատուցելիս կարող եք զարդարել քերած ընկույզով եւ նռան հատիկներով։
Միշտ հիշե՛ք․ պահքի ընթացքում հրաժարվում են ոչ միայն որոշակի կերակուրներից, այլև մոլի սովորություններից, շատախոսությունից, ստախոսությունից, հայհոյանքից և այլ մեղքերից: Կերակրից հրաժարվելն առանց մեղքից հետ կանգնելու` անիմաստ ու անօգուտ է, որովհետեւ «սատանան միշտ պահքի մեջ է, ոչինչ չի ուտում, բայց մեղք գործելուց չի դադարում եւ չի հոգնում» (Սուրբ Գրիգոր Տաթեւացի):
Միշտ հիշե՛ք․ պահք պահում ենք մենք մեզ համար, մեր մեղքերից, վատ սովորություններից ազատվելու համար, այլ ոչ ցուցադրության համար։ Մատթեոս 6։16-18-ում գրված է․ «Երբ ծոմ պահեք, տրտմերես մի լինեք կեղծավորների նման, որոնք իրենց երեսներն այլանդակում են, որպեսզի մարդկանց այնպես երևան, թե ծոմ են պահում, ճշմարիտ եմ ասում ձեզ, այդ իսկ է նրանց վարձը, այսինքն` մարդկանց երևալը և նրանցից գովվելը: Այլ երբ դու ծոմ պահես, օծի քո գլուխը և լվա քո երեսը, որպեսզի չերևաս մարդկանց ծոմ պահող, այլ քո Հորը, գաղտնաբար, և քո հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կհատուցի քեզ»:





























