Ջերմուկի առևտրականները հուսահատված են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Զբոսաշրջության կենտրոն համարվող Ջերմուկ քաղաքում վերջին տարիներին նվազել է և հանգստացողների, և բնակիչների թիվը: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեցին Ջերմուկում գործող խանութների վաճառականները: Նրանց պնդմամբ՝ այս ամենի արդյունքում նվազել է նաև առևտուրը: Սակայն ամենասարսափելին այն է, որ զբոսաշրջային կենտրոնի շատ բնակիչներ ստիպված են  առաջին անհրաժեշտության դեղամիջոցներն անգամ ձեռք բերել ապառիկով:

Ջերմուկում արդեն երեք տարի գործող «Ցենտրալ» հյուրանոցն առաջիկայում վաճառվելու է: Պատճառն այն է, որ  հանգստացողների թիվը կտրուկ նվազել է:

«Բոլոր հարմարավետ պայմանները ստեղծված են, բայց ոչ ոք չի գալիս դուռը չի բացում: Դեռ ավելին՝ օրավարձերն էլ ենք ցածրացրել, միևնույն է՝ չեն գալիս: Ամսվա մեջ հազիվ մեկ կամ երկու անգամ, այն էլ երկու օրով գալիս են: Մենք էլ պատրաստվում ենք հյուրանոցը վաճառել, քանի որ չենք կարողանում այն պահել, ունենք վարկային մեծ պարտավորություններ: Ստիպված վնաս կրելով, եկամուտ չստանալով փորձում ենք պահել հյուրանոցը մինչև վաճառելը: Չնայած որ խոշոր չափի գումարներ ենք ներդրել»,- հուսահատված ներկայացրեց հյուրանոցի տնօրենը՝ Վահրամը:

Իսկ սպորտային հագուստի վաճառքով զբաղվող խանութի տնօրեն Ռազմիկը մտահոգվեց՝ նշելով, որ վերջին տարվա ընթացքում մի քանի մթերային խանութներ հասցրել են փակվել:

«Մենք էլ միայն սեպտեմբեր ամսին ենք փոքր-ինչ առևտուր ունենում: Վարկեր ունենք մարելու: Տարիներ առաջ առևտուր կար, սրանով էինք ապրում, բայց հիմա շատ վատ է վիճակը: Քանի որ հենց քաղաքում էլ մարդ չկա: Չորս ամսվա մեջ մի հատ սպորտային հագուստ չեմ վաճառել»,-  ափսոսանքով ասաց Ռազմիկը:

Իսկ տիկին Կարինեն, ով քսան տարի է, ինչ հագուստի վաճառքով է զբաղվում, բնակիչներին նույնիսկ խնդրում է, որպեսզի իրենից գոնե ապառիկ տարբերակով հագուստ գնեն:

«Ուղղակի չգիտենք, թե ինչ անենք: Մարդ չկա: Տարեցտարի հետ է գնում: Այսօր կիրակի է, բայց այս պահին ափսոսում եմ, որ եկել եմ ու խանութը բացել: Սա էլ որերորդ կիրակին է՝ տասը դրամ չենք տեսել: Տեղացին ընդհանրապես առևտուր չի անում այստեղից, իսկ եթե շփոթվի ու մտնի խանութ, ապա կամ միայն գուլպա է գնելու, կամ էլ՝ զուգագուլպա: Ուրիշ ոչինչ»,- ներկայացրեց տիկին Կարինեն:

Հագուստի վաճառքով զբաղվող առևտրականները մեզ հետ զրույցում նշեցին, որ իրենք տարիներ շարունակ հագուստը ներկրել են Թուրքիայից և Չինաստանից, մինչդեռ հիմա  առևտրի նվազման պատճառով չեն կարողանում մեկնել այդ երկրներ:

«Սիրիա էլ եմ գնացել, որովհետև այնտեղ և էժան էր ապրանքը, և մեզ մոտ լավ վաճառվում էր: Հիմա այդքան բավարար միջոց չունեմ, որ գնամ բերեմ, կամ բերեմ ինչպե՞ս իրացնեմ: Մարդիկ եթե նիսյայով առևտուր անեն, կտամ: Դա էլ չեն անում: Չեք պատկերացնում, թե ինչքան վատ է մեր վիճակը»,- վրդովված պատմեց տիկին Կարինեն:

Սակայն ամենասարսափելին այն էր, որ ինչպես պարզեցինք քաղաքի դեղատներում կատարած մեր շրջայցի արդյունքում,  ջերմուկցիների մեծ մասն իրենց համար անհրաժեշտ դեղամիջոցները դեղատներից ձեռք է բերում ապառիկ տարբերակով: Դեղատան աշխատակից տիկին Անահիտը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ դեղի առևտուրն  անհամեմատ նվազել է:

«Մարդիկ հիմնականում սրտանոթային դեղերն են նիսյայով գնում: Ճիշտ է, մարդ կա՝ ամիսներով չի կարողանում մարել պարտքերը, բայց դե` չես կարող չտալ»,- հոգոց հանելով  ասաց դեղատան աշխատակիցը:

Իսկ մեկ այլ խանութի աշխատակից «Ժողովուրդ»-ի լրագրողին հարցրեց. «Դուք, որ Ջերմուկի փողոցներով քայլում եք, մարդ նկատո՞ւմ եք: Չկան: Աչքներս սառած նայում ենք, սպասում, որ մեկը շշկռվի ու մտնի այս փողոց, որ ուրախանանք: Ջերմուկում միայն մնացել են միայնակ թոշակառուները: Իրենք իրենց թոշակի չափով են  պարտք անում՝ 15-20 հազար դրամի: Բայց կան նաև անհույս պարտքեր, որ չգիտենք` երբևէ կմարվեն, թե ոչ: Այլ ելք չունենք, պետք է այսպես շարունակենք ապրել»:

Հ. Գ. Այս օրերին բոլորի քննադատության սլաքն ուղղված է նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի դեմ, ով  ձախողեց երկրի տնտեսությունն ու չիրագործեց իր խոստացած բազմաթիվ ծրագրերը: Սակայն կոնկրետ Ջերմուկի հետ կապված բազմիցս ամպագոռգոռ խոստումներով է հանդես եկել երկրի նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանը, ով  քանիցս խոստացել է Ջերմուկը վերածել տարածաշրջանային զբոսաշրջային մայրաքաղաքի: Ի դեպ, այդ մասին խոստումների պակաս չկար ինչպես ՀՀԿ, այնպես էլ անձամբ Սերժ Սարգսյանի վերջին նախընտրական ծրագրերում:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս