«ԱՅՍ ԱՄԵՆԸ ՉՈՒԶՈՂՈՒԹՅՈՒՆ Է»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Հրազդան» մարզադաշտի սեփականատեր Աշոտ Աղաբաբյանի` Բուռնաշի դեմ է ելել ԱԺ ՀՀԿ-ական մեկ այլ պատգամավոր՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը՝ Նեմեց Ռուբոն` բողոքելով «Հրազդան» մարզադաշտի հարակից տարածքում առեւտրի կենտրոն կառուցելու դեմ: Աղաբաբյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում կատարվածը որակեց որպես «չուզողություն»:
-Ինչպե՞ս կմեկնաբանեք Ռուբեն Հայրապետյանի վերջին քայլերը. նախորդ շաբաթ նրանք Ձեր դեմ նույնիսկ փոքր միտինգ էին արել՝ բողոքելով «Հրազդան» մարզադաշտում սկսվելիք շինարարության դեմ:
-Իրենք ուղղակի ոչինչ չեն տեսնում կամ չեն ուզում տեսնել: Այս ամենն իրենց կողմից չուզողություն է, այլ կերպ չեմ կարող մեկնաբանել կատարվածը: Մենք մաքրում ենք տարածքը, մարզադաշտի տարհանման համար տարածք ենք ազատում, շինարարությունն ուրիշ տեղ ենք անում, իրենք չեն ուզում այդ ամենը տեսնել:
-Իսկ ինչո՞ւ:
-Այդ արդեն իրենց պետք է հարցնեք: Ինքս չգիտեմ:
-Հնարավո՞ր է` այդ ակցիաների արդյունքում նահանջեք ու շինարարությունը դադարեցնեք:
-Նախ` պետք է թույլ տան, որ ես շարունակեմ շինարարությունը: Եւ երկրորդ՝ եթե ուզում են հասարակական կարծիքն իմանալ, ապա ասեմ՝ իրենք տասնհինգ-քսան ֆուտբոլիստով ցույց արեցին մեր դեմ, իսկ տոնավաճառի մեր ժողովրդին ես չեմ թողնում փողոց դուրս գալ: Սոցիալական խնդիրն այսօր մեզ մոտ խիստ սրված է, եւ ես ավելի կարեւորում եմ սոցիալական խնդիրը լուծելը, քան ինչ-որ մարդկանց ոչ պրոֆեսիոնալ մոտեցումը ե՛ւ ֆուտբոլի, ե՛ւ տարածքների նկատմամբ:
-Այսինքն՝ մարզադաշտի տարածքը ծառայեցնում եք սոցիալական խնդիրներ լուծելու համար:
-Ո՛չ, մարզադաշտի տարածքները չեն դառնում սոցիալական խնդիր լուծող: Ֆուտբոլի մարզադաշտի հարակից տարածքներն են սոցիալական խնդիր լուծում, նաեւ՝ դա մարզադաշտը պահպանելու ֆինանսական խնդիրներին է նպաստում: Ուղղակի մարդիկ կա՛մ չեն կարող այդքանը հասկանալ, կա՛մ էլ հասկանում են, չուզողություն են անում:
-Ռուբեն Հայրապետյանն ասել էր, թե այս ամենի պատճառով միգուցե թույլ չտան Հայաստան-Իտալիա խաղը «Հրազդան»-ում կայանա: Ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է` այդ պատճառով նաեւ այլ ֆուտբոլային հանդիպումներ տեղի չունենան:
-«Հրազդան» մարզադաշտը կառուցված է 8 բալային սեյսմակայունության համար: Միջազգային ստանդարտներով միջազգային հանդիպումները 9 բալ սեյսմակայունությամբ մարզադաշտում պետք է արվեն: Այնպես որ, նման մասշտաբի խաղեր, ըստ ՖԻՖԱ-ի, «Հրազդան»-ում իրավունք չունեն անցկացնելու:
-Ի վերջո, ի՞նչն է պատճառը, որ Ձեր եւ Ռուբեն Հայրապետյանի հարաբերությունները լարվել են: Ամիսներ առաջ էլ նույն Հայրապետյանը Ձեզ մեղադրում էր «Հրազդան» մարզադաշտի տարածքում խնջույքներ կազմակերպելու, իսկ կենացներն էլ լուսատախտակին գրելու մեջ: Ի՞նչ հակասություններ կան ձեր մեջ:
-Ես չեմ կարծում, թե մեր մեջ հակասություններ կան: Ինքն ինձ հետ նման թեմաներ չունի: Մենք ԱԺ-ում գործընկերներ ենք, կուսակցականներ ենք, քսան-երեսուն տարվա ընկերներ ենք: Մենք իրար հետ հակասություններ չունենք, հակասություններ ունեն համակարգերը, որոնք ոչ ճիշտ ինֆորմացիայի արդյունքում նման իրավիճակ են ստեղծել: Եւ ամենակարեւորը՝ այցելե՛ք ինտերնետ, իրենք ստեղծել են «Փրկենք «Հրազդան» մարզադաշտը», ինչ-որ մարդիկ էլ «Ի պաշտպանություն տոնավաճառի» էջեր, եւ ինքներդ նայե՛ք՝ որտեղ ինչքան մարդ է հավաքված:
-Ստացվում է, որ Ձեր կուսակից ընկերը Ձեր դեմ բողոքի ակցիա, միտինգ է անում: Ինքներդ ինչպե՞ս եք վերաբերում այդ հանգամանքին:
-Ես վերաբերմունք չունեմ:
-Փորձե՞լ եք հանդիպել, իրար հետ խնդիրը քննարկել, թե՞ ոչ:
-Ես խնդիր չունեմ, եթե իրենք ունեն, թող գան մարզադաշտ, հանդիպենք:
-Կուսակցության ներսում ո՞նց են վերաբերում կատարվածին. ի վերջո, ՀՀԿ-ականներից մեկը մյուս ՀՀԿ-ականի դեմ միտինգ է անում:
-Ես չգիտեմ: Եթե կուսակցությունն ինքը հետագայում վերաբերմունք ուզենա արտահայտել, թող արտահայտի:
-Այս ողջ պատմության մեջ Դո՞ւք եք ճիշտ, թե՞ Հայրապետյանը:
-Ես ճիշտ եմ միայն այն պատճառով, որ համոզված եմ՝ հետազոտելով աշխարհի բոլոր մարզադաշտերի տարհանման համար հատկացված մակերեսը, մերը գերազանցում է բոլորին: Ու զարմանում եմ, թե ինչն է պատճառը, որ չեն ցանկանում մեզ թույլ տալ շինարարություն իրականացնել: Եթե քաղաքապետն ասում է, որ հաշվի են առնում հասարակական կարծիքը, ապա թող նայեն կայքերը, թող տեսնեն՝ որտեղ ինչքան մարդ է ստորագրել, ինչքան մարդ է պայքարում «Փրկենք «Հրազդան» մարզադաշտը» եւ «Ի պաշտպանություն տոնավաճառի» էջերում: Որքան մարդ է հասկանում մեզ, որքան մարդ՝ նրանց:
-Ի՞նչն է պատճառը, որ մարզադաշտի պատճառով Ձեր դեմ նման քայլեր են անում:
-Ես կարծում եմ՝ այդ ամենն իմ դեմ չէ: Ինչ որ անում են, իրենք իրենց դեմ են անում:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս