Armenian text to speach

Շրջակա միջավայրի նախարարն ու Ղազախստանի դեսպանը քննարկել են COP17 համաժողովին առնչվող հարցերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանն ընդունել է Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից։

Ողջունելով դեսպանին, նախարարը կարևորել է Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև ձևավորված բարեկամական հարաբերությունների և փոխվստահության վրա հիմնված գործակցության շարունակական զարգացումը՝ ընդգծելով երկկողմ օրակարգի ընդլայնման և ոլորտային գործընկերության խորացման պատրաստակամությունը։

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Երևանում նախատեսվող COP17 համաժողովի նախապատրաստական աշխատանքների շուրջ՝ ընդգծելով Ղազախստանի Հանրապետության բարձր մակարդակով մասնակցության կարևորությունը և այդ ուղղությամբ շարունակական համակարգված գործակցության անհրաժեշտությունը։

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել ջրային ոլորտի կառավարման հիմնախնդիրներին։ Քննարկվել են ջրային ռեսուրսների կայուն կառավարման, ինչպես նաև ՄԱԿ-ի համապատասխան ջրային կոնվենցիաների շրջանակներում իրականացվող գործողությունների սիներգիային ուղղված մոտեցումները՝ հաշվի առնելով գլոբալ բնապահպանական օրակարգի ներկայիս առաջնահերթությունները։

Դեսպանը ներկայացրել է Ղազախստանի կողմից նախաձեռնվող Միջազգային ջրային կազմակերպության հիմնադրման գաղափարը՝ անդրադառնալով նախաձեռնության նպատակներին և ակնկալվող գործառույթներին։ Քննարկվել են նաև դրա շրջանակում հնարավոր գործակցության հեռանկարները, ներառյալ փորձի փոխանակման, համատեղ ծրագրերի մշակման և կարողությունների զարգացման ուղղությունները։

Նախարարը ներկայացրել է Հայաստանի մոտեցումները ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում, ինչպես նաև Սևանա լճի էկոհամակարգի և կենսաբազմազանության պահպանության ուղղությամբ իրականացվող աշխատանքները՝ շեշտադրելով դրանց նշանակությունը թե՛ բնապահպանական, թե՛ սոցիալ-տնտեսական կայուն զարգացման տեսանկյունից։

Անդրադարձ է կատարվել նաև առաջիկա միջազգային համաժողովներին ու հարթակներին, որոնց շրջանակում հնարավոր կլինի շարունակել երկխոսությունը և վերահաստատել գործակցության առաջնահերթությունները։

 




Լրահոս